Մշակվող վարելահողերի ծավալն ավելացնելու և արտադրողականությունը բարձրացնելու նպատակով գործադիրը նոր ծրագիր է սկսում: Հողային ռեֆորմը 23-25 թվականների համար է: Կլինեն անհատներ թե ընկերություններ՝ կարևոր չէ, եթե կորոշեն միավորել հողակտորները՝ ստանալով մեկ մեծը՝ 30-200 հա չափով ընդհանուր տարածք, Կառավարությունը կաջակցի այն բարելավելու հարցում՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը՝ այդ թվում ջրավազանի կառուցումը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Միջին հեկտարի կատարված ծախսը գնահատվում է մոտ 2 մլն 760 հազար դրամ, այսինքն՝ մեկ հեկտարի հաշվարկով պատրաստ ենք սուբսիդավորել կատարված ծախսերի 50 տոկոսը:
90-ականների հողային ռեֆորմից հետո հիմա շատ են փոքր տարածքները՝ նկատեց Քերոբյանը: Թվերը փաստում են՝ 320 հազար գյուղացիական տնտեսությունները մոտ 1 միլիոն 100 հազար հողակտոր ունեն՝ յուրաքանչյուրը՝ միջինում մեկուկես հեկտար տարածքով: Կտրտվածությունն, ըստ նախարարի, հանգեցնում է, որ մշակվի եղած վարելահողերի ընդամենը 50 տոկոսը, իսկ մյուս 50-ը լքված է, անմշակ, ասաց՝ եթե նոր գործիքն աշխատի, ապա, ըստ նախնական հաշվարկների, կստեղծվի 4500 հա խոշորացրած հողակտոր:
Վահան Քերոբյան - Ըստ Կառավարության ծրագրի՝ թիրախ է 2026 թվականին վարելահողերի մշակման մակարդակը այսօրվա 50 տոկոսից բարձրացնել մինչև 75 տոկոս, և կարծում ենք, որ այս ծրագիրը կօգնի այդ պրոցեսն արագացնելուն:
Ծրագիրը կարևոր է հատկապես գյուղոլորտում ներդրումների ծավալն ավելացնելու տեսանկյունից՝ նշեց վարչապետը: Ըստ նրա՝ մասնավոր-պետություն գործակցությամբ կխթանվի ոլորտի զարգացումը՝ լուծելով մշակման համար կարևոր խնդիրները, առաջին հերթին՝ ոռոգման հարցը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իհարկե, մենք հիմա ջրագծերի ոլորտում, ջրամբարների ոլորտում ներդրումներ ենք անում, բայց մենք ուզում ենք նաև մասնավոր ներդրումներ լինեն, և փոքր հողերի համար մեծ ներդրում անելու ոչ մի մոտիվացիա չկա, որովհետև հետագայում իր ծախսը ներդրումը հետ չի բերելու: Հիմա մենք պետք է խոշորացնենք հողակտորները, որ խոշոր ներդրում անելու հնարավորություն լինի:
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ. ՈԼՈՐՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Գործադիրը հաստատեց՝ ընդլայնում է այն ոլորտների թիվը, որոնց աջակցելու է մինչև 10 միլիարդ դրամի սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելու հարցում: Վարկերի ու լիզինգի տոկոսների սուբսիդավորումից այժմ օգտվում են մշակող արդյունաբերությամբ զբաղվողները, նոր գործիքը հասանելի կդառնա ևս 7 ոլորտի:
Վահան Քերոբյան - Այդ ոլորտներն են հանքարդյունաբերությունը և հանքերի շահագործումը, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն: Սա շատ ենք կարևորում՝ հաշվի առնելով լոգիստիկ խնդիրները, մասնագիտական, գիտական ու տեխնիական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սպասարկում:
Ծրագրի երկրորդ բաղադրիչով, ըստ նախարարի, աջակցություն կտրվի այն գործատուին, որի աշխատակիցը կդառնան միջազգային հեղինակավոր ընկերությունների բարձրակարգ մասնագետները: Ցանկն արդեն սահմանված է, որոշվել է՝ կփոխհատուցվի նրանց աշխատավարձի 20 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամ:
Վահան Քերոբյան - Աշխարհի 400 լավագույն բուհերը ավարտած մարդկանց ևս վերաբերում է էս արտոնությունը: Նաև նրանց, ովքեր ունեն դոկտորական աստիճան, և դա արդեն վերաբերում է ընկերության ներսում գիտական աշխատանքին, որը մենք ևս կարևորում ենք, Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել 50 տոկոսը նրանց հաշվարկված աշխատավարձի:
Իսկ եթե այդ մասնագետը հայաստանյան ԲՈՒՀ-երում էլ կդասավանդի, ապա պետությունը կփոխհատուցի նրա բուհական աշխատավարձի 70 %-ը: Ըստ Քերոբյանի՝ սա թույլ կտա նաև տեղում ապահովել պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը՝ նաև մեր երկրում աշխատող օտարերկրյա մասնագետների համար: Ծրագիրը կարևոր համարելով՝ վարչապետը շեշտեց դրա պատշաճ լուսաբանումը, որ ամեն շահառու հստակ իմանա, օգտվի պետության ընձեռած հնարավորությունից:
122 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՈՌՈԳՄԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Զեկուցվող վերջին հարցով գործադիրը 122 մլն դրամ ուղղեց Բուսաբանական այգու ոռոգման խնդիրը լուծելու համար: Սարկավագի փողոցից դեպի այգի 1.5 կմ երկարությամբ ջրագիծ կանցկացվի, աշխատանքը երկու փուլով կարվի:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն դրամ է: Քանի որ նախագծով նախատեսված է մոտ 200 օր իրականացման համար, մենք քննարկումների արդյունքում հանգել ենք նրան, որ հիմա կարելի է դեռ կեսը պլանավորել այս տարվա համար, եթե մրցույթում հաղթող շինարարական ընկերությունները կարողանան ավելին անել, ավելի գումար կտանք:
Աշխատանքը կկատարվի խնայողությունների հաշվին՝ նշեց նախարարը: Արդյունքում ոռոգման ջրով կապահովվի այգու 80 հա տարածքն ու այդտեղ հիմնվող «Կյանքի պուրակի» 35 հեկտարը: 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրվող նոր այգին, ըստ վարչապետի, խորհրդանշելու է կյանքի հաղթանակը:
Նիկոլ Փաշինյան - «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով՝ պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնենք: Եվ մոտավոր մեկ ամիս առաջ նախագծի քննարկում է տեղի ունեցել, բայց այդ ընթացքում պարզվեց, որ անկախ ամեն ինչից՝ կա խիստ անհրաժեշտություն ջրագիծ անցկացնելու, որովհետև պարզվեց՝ բուսաբանական այգու ոռոգման խնդիր կա, ու մենք որոշեցինք իրականացնել շուտափույթ՝ առաջնային կարգով, և հույս ունենք, որ այդ աշխատանքը հնարավորինս արագ կսկսվի:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բացի հիշատակի վայր լինելուց՝ մայրաքաղաքի համար այն նաև կարևոր էկոլոգիական նշանակություն կունենա: