Ադրբեջանը Պաշտպանության նախարարության մակարդակով ընդունել է՝ օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ինքն է նախաձեռնել ռազմական սադրիչ գործողությունները: Այս հանգամանքն արձանագրում են փորձագետները՝ ակնհայտ հակասություններ տեսնելով հակառակորդի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: Ադրբեջանական կողմը հայտնել է, թե, իբր, «Հատուցում» գործողությունը պատասխանն է հայկական ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողի սպանությանը, մինչդեռ սպանության մասին հայտարարվել է երեկ կեսօրին, իսկ ռազմական գործողությունները սկսվել են դրանից ավելի շուտ:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Պաշտպանության բանակի հաղորդագրությունում հստակ նշված էր, որ ժամը առավոտյան 9-ից է Ադրբեջանը սկսել խախտել հրադադարի ռեժիմը:
Երկրորդ անհամապատասխանությունը վերաբերում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքում գտնվող Կուսանաց լեռանն ու Սարիբաբա բարձունքին: Մի կողմից Ադրբեջանը նշում է, թե Պաշտպանության բանակը գրոհ էր իրականացնում գրավելու բարձունքները, մյուս կողմից՝ հայտնում են իրենց կողմից դրանք գրավելու մասին:
Տարոն Հովհաննիսյան - Եթե այդ բարձունքներում, օրինակ՝ որևէ մեկը տեղակայված չէր, ապա գրոհ, գրավելու փորձ չի կարող լինել: Գրավում են այն բարձունքը կամ այն դիրքը, որտեղ տեղակայված են հակառակորդի զինծառայողները: Բայց եթե ադրբեջանական կողմը նշում է, որ իրենք են գրավել այդ բարձունքները, նշանակում է, որ իրենք այդտեղ տեղակայված չէին:
Ադրբեջանն օգոստոսի 3-ի սադրիչ գործողությունները ծրագրել էր առնվազն մեկ շաբաթ առաջ՝ պնդում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Այս համոզման հիմքում սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում հրապարակվող նյութերն են:
Տարոն Հովհաննիսյան - Ադրբեջանական սոցիալական ցանցերում մի շարք տեսանյութեր էին տեղադրվել Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի վերաբերյալ, ադրբեջանական օգտատերերը պնդում էին, որ դրանք նոր, թարմ տեսանյութեր են: Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որում կոչ էր անում չտարածել այդ տեսանյութերը Ադրբեջանի ԶՈՒ զորաշարժերից:
Եթե միջազգային զսպող մեխանիզմներ չլինեն, Ադրբեջանը չի հրաժարվի իր նպատակներին ռազմական ճանապարհով հասնելու քաղաքականությունից՝ համոզված է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Հստակ քայլեր է ակնկալում առաջին հերթին եռակողմ հայտարարության կողմ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահներն էլ տեղակայված են Լեռնային Ղարաբաղում:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Ռուսաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ վերացնելու խախտումները, և եթե ինքը, որքան էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ներդրված չեն կոնկրետ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ապա ինքը պարտավոր է հետաքննություն իրականացնել՝ ում կողմից է խախտվել, թեպետ ակնհայտ է, որ Ադրբեջանը ստանձնել է պատասխանատվություն այդ գործողության համար:
Պատասխանատվության բաժին ունի նաև ԵԱՀԿ-ն, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մանդատ ունեցող մարմին: Սաֆարյանի խոսքով՝ կառույցը պարտավոր է ֆիքսել, որ Ադրբեջանը չի կատարում ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները:
Ստյոպա Սաֆարյան - Գուցե նաև խնդիր դրվի այդ կառույցում այդ երկրի գոյության մասով, որովհետև անպատկերացնելի է, թե ինչպես կարող է այդ կառույցին անդամակցած պետությունը սկզբում՝ 92 թվականին, պարտավորություն ստանձնել խնդիրը լուծել խաղաղ եղանակով, իսկ այժմ բացահայտ հայտարարել, որ ինքը շարունակելու է հակաահաբեկչական գործողությունները, և սա ընդամենը սկիզբն է:
Քաղաքագետը հասցեական հայտարարություններ է սպասում նաև այլ երկրներից ու միջազգային կազմակերպություններից: Մինչև այս պահը հնչած կոչերն ու մտահոգությունները փորձագետները խնդրի լուծման համար բավարար չեն համարում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան