Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն՝ «Գրին Հաուս 420» տելեգրամյան էջի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում և որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց:
Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվեցին և ոստիկանության Կումայրիի բաժին բերվեցին Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա տղամարդ և 31-ամյա կին՝ երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամինի՝ 10, և «ԼԴՍ»-ի հինգ հաբ, նաև՝ մոտ 35 գրամ հաշիշ:
Շարունակելով միջոցառումները՝ նույն կասկածանքով պետք է ձերբակալվեին ևս երկու օտարերկրացի: Նրանցից մեկը, նկատելով քրեական հետախույզներին, դիմել է փախուստի: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ՀԿԳ ավագ օպերլիազորը կարողանում է բռնել փախչողին:
Երկուսն էլ ձերբակալվում ու բերվում են Կումայրիի բաժին: Հենց նրանք էին վարում տելեգրամյան «Գրին Հաուս 420» էջը:
30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 130 գրամ հաշիշ:
Նրանց բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են համակարգիչներ, էլեկտրոնային կշեռք, դեղահաբեր, սրվակներ ու ներարկիչներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: