ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձև է ընդունել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունների վավերացման մասին։ Փաստաթղթին կողմ է արտահայտվել 95 սենատոր, 1-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ:
Ամերիկյան օրենսդրության հյամաձայն՝ արձանագրությունների վերջնական վավերացման համար դրանք պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարը ողջունել է Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին բանաձևի ընդունումը և խոստացել է ստորագրել Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցելու համար համապատասխան փաստաթղթերը:
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. ԻԻՀ ՊԱՅՄԱՆԸ
Իրանը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով իր պարտականությունների ամբողջական կատարմանը, երբ ԱՄՆ-ը երաշխիքներ տրամադրի այդ համաձայնագրի բոլոր տնտեսական դրույթների կատարման համար: Այդ մասին հայտարարել է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրների խորհրդաժողովում Իրանի պատվիրակության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: Ավստրիայի մայրաքաղաք մեկնելու մասին էր հայտնել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ևս հայտնել էր, որ իրանական պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակելու համար։
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին ավելի ուշ հայտարարել է, որ պատրաստվում է Վիեննայի բանակցություններին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի սպասելիքները զուսպ են, բայց Վաշինգտոնը ողջունում է ԵՄ ջանքերը և պատրաստ է փորձել համաձայնության գալ կողմերի հետ:
ՓԵԼՈՍԻԻ ԱՅՑԸ ԹԱՅՎԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՉՎԵՐԱԾԵԼՈՒ ՀՈՐԴՈՐ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը Չինաստանին հորդորել է Նենսի Փելոսիի այցը Թայվան չվերածել ճգնաժամի:
Անդրադառնալով Փելոսիի այցին զուգահեռ՝ Թայվանի շուրջ Չինաստանի ռազմական ակտիվության աճին և մարտական հրաձգությամբ վարժանքների մեկնարկին՝ պաշտոնյան Պեկինին կոչ է արել՝ «չօգտագործել այդ այցը որպես Թայվանի դեմ ռազմական գործողությունների արդարացում»:
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ երկրի Ժողովրդական ազատագրական բանակը Թայվանի շուրջ վեց ջրային տարածքներում մարտական հրաձգությամբ լայնածավալ ռազմական վարժանքներ է սկսել:
Չինաստանի արտգործնախարարությունն այդ զորավարժություններն անվանել է «անհրաժեշտ ու օրինական պատասխան միջոց՝ ուղղված սադրիչների դեմ»: