ՀԱՊԿ քարտուղարությունն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- հայտարարություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին:
«Հակամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- ասվում է հայտարարության մեջ:
ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու և իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար ավելի վաղ հայտարարություն էր տարածել Միացյալ Նահանգները, կոչ արել անհապաղ միջոցներ ձեռնարկել: Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներով ուղեկցված ռազմական գործողություններին:
«Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համընդգրկուն և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- այս կարծիքն է հայտնում Պետքարտուղարությունը:
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԵՄ-ԻՑ
Ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու կոչ է արել Եվրամիությունը, պատրաստակամություն հայտնել օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության համար։
«Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար»:
ԱԼԻԵՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՄՆ-ԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնն էլ կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության, այս մասին Փալոնեն գրառում է կատարել Թվիթերի իր էջում:
«Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»
ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ՍՓԻԵՐ
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը թվիթերում գրառումով հորդորում է Միացյալ Նահանգներին՝ անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
«Ալիևը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն, երբ ԱՄՆ-ը դրսևորի առաջնորդություն և ուժ։ Անհապաղ դադարեցրեք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանի, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան»։
ՄԵՆԱԿ ՉԹՈՂՆԵՆՔ ՀԱՅԵՐԻՆ. ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողություններին է անդրադարձել Եվրապատգամավոր Լուկաս Ֆուրլասը: Նա ԵՄ-ին հորդորել է անհապաղ արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումներին։
«Ադրբեջանը սադրիչ կերպով կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի դեմ»՝ նոր զոհերի պատճառ դառնալով։ «Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենակ չթողնենք հայերին, ովքեր այս պահին ունեն մեր կարիքը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ՊԲ-ի երկու զինծառայող է զոհվել, 19-ը վիրավորվել: