Կառավարությունը 122 մլն դրամ կուղղի Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ» նախագծի համար Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև Բուսաբանական այգու պարսպի հատվածը ոռոգման ջրագծի կառուցման նպատակով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ «Կյանքի պուրակ» նախագծի քննարկման ժամանակ հանձնարարական եղավ ոչ միայն «Կյանքի պուրակի» 35 հա ընդգրկող, այլև ամբողջ Բուսաբանական այգու 80 հա տարածքն ապահովել ոռոգման ջրով:
«Մոտ մեկուկես կմ երկարությամբ ջրագծի մասին է խոսքը, որը պետք է հասնի Բուսաբանական այգի: Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն դրամ է: Քանի որ նախագծով նախատեսված է մոտ 200 օր իրականացման համար, մենք քննարկումների արդյունքում հանգել ենք նրան, որ հիմա կարելի է դեռ կեսը պլանավորել այս տարվա համար, գումարի մյուս մասը հաջորդ տարի նոր կնախատեսենք: Բյուջեից գումար տրամադրելու կարիք չկա. ոռոգման ցանցի առողջացման ծրագիր ունենք մեզ մոտ, որտեղ որոշակի խնայված գումարներ կան, և այս տարի 122 մլն դրամ այդ ծրագրին կուղղենք»,- ասաց Գնել Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականում «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով՝ պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնենք:
«Դա երևան քաղաքի համար շատ մեծ էկոլոգիական նշանակություն կունենա. և՛ համայնքային կյանքի կազմակերպման համար շատ մեծ նշանակություն կունենա, և՛ մեր նահատակների՝ մեր ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման մի նոր մեթոդ կդառնա»,- ասաց վարչապետը: