ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում,
հրադադարի ռեժիմի խախտումներին, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:
«Վերջին օրերին սաստկացել են ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ նռնականետների և ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ:
Երեկ՝ օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրվել է օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքեր:
Եվ չնայած այս արձանագրմանը, ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարությունների կոպիտ խախտում է, այլև ուղղակի անարգանք է հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ:
Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից և արժանանա համապատասխան գործողությունների՝ շուտափույթ կերպով վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը, ինչն ուղղակիորեն բխում է ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունից»,- նշված է Գրիգորյանի գրառման մեջ։