Հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել են տեղեկություն, որ ժամը 18.00-ի սահմաններում Սևանա թերակղզու հարավային լողափի տարածքում ծագել է վիճաբանություն, հնչել են կրակոցներ:
Մարզային վարչությունից և Սևանի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ մոտորանավակի վարձակալության հարցի շուրջ մոտորանավակի սեփականատիրոջ, որը սևանցի 28-ամյա երիտասարդ է, և երկու տղամարդու միջև վեճ է ծագել։
Այդ ընթացքում սևանցին խփել է նրանցից մեկին, իսկ երբ նրանց երրորդ ընկերը ատրճանակից կրակել է, խփել է նաև նրան, գցել գետնին, ձեռքից վերցրել է ատրճանակը և նետել մի կողմ:
Դեպքի վայր են մեկնել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ղեկավարները, քննիչներ ու փորձագետ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել է միայն պարկուճ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում էլ հաջողվում է պարզվել, որ ատրճանակից կրակել էր նախկինում մի քանի անգամ դատապարտված 40-ամյա մի տղամարդ:
Կրակողի և նրա ընկերների վտանգավոր վարքագիծը ստիպել է հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտել, ինչի համար ներգրավվել են նոր ուժեր:
Քրեական ոստիկանության գլխավոր, Գեղարքունիքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի և Սևանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում ժամը 5.30-ին կրակողը հայտնաբերվել է Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել մեքենան, որով նա հեռացել էր դեպքի վայրից։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: