ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Թայվան: Նրան և Կոնգրեսի այլ ներկայացուցիչներին Թայբեյում դիմավորել են թայվանցի մի խումբ պաշտոնյաներ: Փելոսին ողջունել է իրեն դիմավորող պատվիրակությանը և լուսանկարվել նրանց հետ։ Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցն է 1997 թ.-ից ի վեր։ Պեկինը բազմիցս զգուշացրել է ամերիկյան կողմին, որ այցը կայանալու դեպքում անհետևանք չի մնա, Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի։
Սպիտակ տունը հայտարարել է, որ չի վերահսկում կղզի այցելելու՝ Փելոսիի որոշումը և պնդել է, որ Թայվանի և Չինաստանի կառավարության նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել: Նենսի Փելոսիի գլխավորած ԱՄՆ պատվիրակության հետ այսօր հանդիպել է Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նենսի Փելոսին խոստանացել է «երկաթե» աջակցություն կղզու ժողովրդավարությանը և հայտարարել, որ այժմ, առավել քան երբևէ, Ամերիկայի համերաշխությունը Թայվանի հետ վճռորոշ է: Ցայը նշել է, որ Թայվանը Միացյալ Նահանգների հուսալի գործընկերն է և կշարունակի աշխատել ԱՄՆ-ի հետ՝ ամրապնդելու համագործակցությունը անվտանգության, տնտեսական զարգացման և մատակարարման ոլորտներում:
Հանդիպումից առաջ Ներկայացուցիչների պալատի խոսնակը այցելել է նաև Թայվանի օրենսդիր մարմին: Փելոսին իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ի չիպերի մասին օրինագիծը լավ հնարավորություն կստեղծի այդ ոլորտում ԱՄՆ-Թայվան համագործակցության համար: Նա ընդգծել է, որ ցանկանում է մեծացնել Թայվանի հետ խորհրդարանական շփումները:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցի պատճառով Վաշինգտոնը Չինաստանի հետ լարվածությունը սրելու պատճառ չի տեսնում։ Քիրբին ընդգծել է՝ Պեկինը չպետք է չափից ավելի լուրջ արձագանքի Փելոսիի Թայվան կատարած այցին:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄՆ-ԻՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցն անարձագանք չի մնացել: Չինաստանի ԱԳՆ-ն անմիջապես դատապարտել է խոսնակի քայլն ու սպառնացել Վաշինգտոնին:
«Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հետևանքների պատասխանատվությունը կրելու են Միացյալ Նահանգները և Թայվանը»՝ հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն:
Չինաստանի ԱԳ նախարարն էլ շեշտել է, որ Թայվանի հետ Չինաստանի լիարժեք վերամիավորումը պատմական անխուսափելիություն է: Վան Ին խորհուրդ է տվել ԱՄՆ-ին՝ չերազել Չինաստանի վերամիավորման մեծ գործին խոչընդոտելու մասին: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Չինաստանը տարածք չի թողնի Թայվանի անկախության համար հանդես եկող ուժերի գործողությունների համար:
ՉԺՀ-Ն ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԹԱՅՎԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Չինաստանն այսօրվանից պատժամիջոցներ է սահմանել Թայվանի նկատմամբ, արգելել որոշ ապրանքների ներկրումն ու արտահանումը: Այս ֆոնին Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի ժողովրդաազատագրական բանակը ռազմական բարձր պատրաստության ռեժիմի բերելու մասին:
Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թայվանի իշխանությունների գործողությունները չափազանց վտանգավոր են և կհանգեցնեն սարսափելի հետևանքների: Չինաստանի բանակը սկսել է նաև մի շարք ռազմագործողություններ և զորավարժություններ Թայվանի ափերի մոտ՝ հյուսիսային, հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում:
ՓԵԼՈՍԻԻ ԱՅՑԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՍԱԴՐԱՆՔ. ԶԱԽԱՐՈՎԱ
Նենսի Փելոսիի այցին անդրադարձել է Մոսկվան: «Մենք նրա այցը համարում ենք հստակ սադրանք՝ Չինաստանին զսպելու նպատակով: Դա ԱՄՆ-ի ագրեսիվ ոգու ոճով է»,- ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։ «Նենսի Փելոսիի այցով ԱՄՆ-ն ցույց տվեց այլ պետությունների իրավունքների անտեսում, իսկ Չինաստանում ամերիկացի դիվանագետներն այժմ «բառացիորեն կուլ են տվել իրենց լեզուն»՝ վախենալով հասարակության զայրույթից»,- այս մասին Telegram-յան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռի թռիչքին աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 2,92 միլիոն օգտատեր է հետևել։ Flight-radar ծառայության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ավելի քան 700 հազար մարդ հետևել է Թայբեյի օդանավակայանում Փելոսիի ինքնաթիռի վայրէջքին։ Ներկայացված երկու ցուցանիշներն էլ ծառայության պատմության մեջ բացարձակ ռեկորդ են սահմանել։
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հացահատիկով բեռնված ուկրաինական առաջին նավը հասել է Բոսֆոր՝ անցնելով Սև ծովի հատուկ միջանցքով: Նա ընդգծել է, որ այժմ հիմնական նպատակն այս գործընթացի «շարունակականությունն ու օրինաչափությունը պահպանելն է»:
Զելենսկին կրկին մեղադրել է Մոսկվային՝ համաշխարհային պարենային ճգնաժամ ստեղծելու համար: «Ռուսաստանն օգտագործում է ցորենի, եգիպտացորենի և նավթի մատակարարումները որպես զենք, ինչպես դա անում է գազի և նավթի դեպքում: Ռուսաստանը ստեղծում է դեֆիցիտ, խաղում է գների բարձրացման վրա, և դա հրահրում է սոցիալական անկարգություններ»,- հայտարարել է Զելենսկին:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿՈՎ ԲԵՌՆԱՆԱՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼ
Ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավը ժամանել է Ստամբուլ՝ հաստատել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «Բեռնատար նավը՝ բեռնված եգիպտացորենով, որը լքել է Ուկրաինայի Օդեսա նավահանգիստը, հասել է Բոսֆորի՝ Սև ծովի մուտքի մոտ և խարիսխ նետել իրեն հատկացված վայրում»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ «հացահատիկային միջանցքը», որով շարժվում էր նավը, անցնում է Սև ծովի հյուսիսարևմտյան մասով։ Մարդասիրական գործողությունը կատարվել է ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ՝ Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնի կազմում։