ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է զարգացող երկրներում կրթել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա խնդիրների համատեքստում նորարարական լուծումներ և փոփոխություններ նախաձեռնող երիտասարդների նոր սերունդ՝ ավագ դպրոցի աշակերտների համար կայուն թվային կրթության ստեղծման և ներմուծման միջոցով:
Զարգացող երկրները կլիմայի փոփոխության հարմարվողականության մարտահրավերների դեմ պայքարելիս բախվում են մի շարք համակարգային խնդիրների, որոնց առաջացման պատճառը հիմնականում երկրում մասնագիտական կարողությունների բացակայությունն է:
Շրջակա միջավայրի ոլորտում խոր գիտելիքներ ունեցող երիտասարդ սերնդի կրթությունն անհրաժեշտություն է հարմարվողականության գործիքների մասսայականացումն ապահովելու և երիտասարդներին առավել հասանելի դարձնելու տեսանկյունից։
Երկրում վերոնշյալ խնդիրները լուծելու և շրջակա միջավայրի ոլորտում երիտասարդ առաջնորդների նոր սերունդ կրթելու նպատակով ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում մշակվել է էկոկրթական բրաուզերային խաղ, որը թիրախավորում է երիտասարդ սերնդի, մասնավորապես՝ ավագ դպրոցի աշակերտների՝ բնապահպանական ոլորտում ունեցած գիտելիքների հարստացումը՝ կենտրոնանալով հարմարվողականությանը վերաբերող թեմաների վրա։
Ծրագրի շրջանակներում ստեղծված բրաուզերային խաղի հղումը` https://legends.itr.am/:
Ստեղծված խաղի մասշտաբայնությունն ապահովելու նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև խաղի եռալեզու բջջային հավելվածի ստեղծում, ինչն առանցքային է ինչպես Հայաստանում, այնպես էլ զարգացող այլ երկրներում օգտատերերի ավելի լայն շրջանակի ներգրավման տեսանկյունից։