ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻ ԱՅՑԸ ԹԱՅՎԱՆ
Ավարտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի սկանդալային այցը Թայվան. այն տևել է 19 ժամ 20 րոպե։ Փելոսին շարունակում է իր ասիական շրջագայությունը՝ ուղևորվելով Հարավային Կորեա և Ճապոնիա։ Փորձագետները կանխատեսում են, որ Թայվանի շուրջ իրական ճգնաժամը կարող է սկսվել Փելոսիի հեռանալուց հետո։ Փելոսին Թայվանի վարչակազմի ղեկավարի և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո մի քանի դեմոկրատական ակտիվիստների հետ է հանդիպել, ինչն ավելի է զայրացրել Չինաստանին:
Պեկինը, դատապարտելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը, Թայվանի մերձակայքում զորավարժություններ է սկսել և ԱԳՆ կանչել Պեկինում ԱՄՆ դեսպանին: Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փելոսիի այցը Թայվան միասնական Չինաստանի սկզբունքի և չին-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկեների դրույթների կոպիտ խախտում է, ինչպես նաև խարխլում է երկու երկրների հարաբերությունների քաղաքական հիմքը:
Պեկինում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Թայվան որակել են որպես ոտնձգություն Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը վնասելու է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Չինաստանի ռազմական գործողություններն օրինական են և նախատեսված են որպես զսպող գործոն Թայվանի համար:
ՇՀԿ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՓԵԼՈՍԻԻ ԹԱՅՎԱՆ ԱՅՑԻՆ
Շանհայի համագործակցության կազմակերպությունը վճռականորեն դեմ է իր անդամ պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությանը: Այդ մասին հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան։
«ՇՀԿ-ն հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին և վճռականորեն դեմ է մասնակից երկրների ներքաղաքական գործերին արտաքին ուժերի ցանկացած միջամտության»,- ասված է գլխավոր քարտուղարի հաղորդագրության մեջ:
Պաշտոնյան ընդգծել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը միջազգային հանրության համընդհանուր համաձայնության արդյունք է։ ՇՀԿ-ն նաև աջակցություն է հայտնել այն միջոցներին, որ կազմակերպության անդամ երկրները ձեռնարկում են սեփական ինքնիշխանության պաշտպանության համար։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՎԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Ուկրաինական հացահատիկ տեղափոխող առաջին նավի ստուգումն ավարտված է՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Այսօր բեռնանավը կլքի Բոսֆորի նեղուցը՝ շարունակելով ճանապարհը դեպի Բեյրութ։
26 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող նավն Օդեսայի նավահանգստից դուրս էր եկել 2 օր առաջ՝ Ստամբուլի ափամերձ գոտի հասել երեկ երեկոյան: Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև կնքված համաձայնագրով Օդեսայի նավահանգստից դուրս եկող և այնտեղ ուղևորվող բոլոր նավերն այսուհետ ևս ենթարկվելու են մանրակրկիտ ստուգման։ Այն իրականացնում են հատուկ այդ նպատակով ստեղծված մոնիտորինգի համատեղ կենտրոնի աշխատակիցները:
ԻՐԱՆԸ ԿԲԱՆԱԿՑԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ երկրի բանակցային պատվիրակությունը մեկնելու է Վիեննա՝ Իրանի ժողովրդի դեմ դաժան պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով։ Նասեր Քանանին մանրամասնել է, որ Վիեննա կմեկնի Իրանի բանակցային խումբը՝ ավագ բանակցող Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ։ Բանակցությունների այս փուլը նույնպես կանցկացվի Եվրամիության համակարգմամբ, տեղի կունենա քննարկում և մտքերի փոխանակում կողմերի, այդ թվում՝ Իրանի այս շաբաթ ներկայացրած գաղափարների վերաբերյալ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ կողմերն անհրաժեշտ որոշումներ կայացնելով և կենտրոնանալով մնացած հարցերի լուծման վրա՝ պայմաններ կստեղծեն երկխոսության արդյունավետ առաջմղման համար: