Մովսեսի 170-ամյա դպրոցը նոր ուսումնական տարին կդիմավորի 120 աշակերտով և 17 ուսուցչով: Դպրոցն ունի ֆիզկուլտուրայի, մաթեմատիկայի, հայոց լեզվի մասնագետի խնդիր:
Ռուզաննա Ադամյան (Մովսեսի դպրոցի տնօրեն) - Օգոստոսի 20-ից հետո, կարգի համաձայն՝ կտրվեն հայտարարություններ: Այս օրենքում փոփոխությունը, հույս ունենք՝ դրական կլինի սահմանամերձ դպրոցների համար, կլինեն բարձրագույն կրթության ոլորտային մասնագետներ, ովքեր ցանկություն կունենան ծրագրով անցնել, ցանկություն կհայտնեն աշխատել գյուղերում, ուրախ կլինենք, որ աշխատեն նաև Մովսեսում:
Բարձրագույն կրթությամբ, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են դասավանդել դպրոցում, եթե մասնակցել են դասընթացի և ստացել 30 կրեդիտ: Օրենքի այս փոփոխությամբ կրթական գերատեսչությունը փորձում է լուծել դպրոցներում մասնագետների համալրման խնդիրը: Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ քանի դեռ ուսումնական տարին չի մեկնարկել, դժվար է ասել՝ որքան է թափուր տեղերի թիվը, բայց հստակ է՝ կադրերի խնդիր ունեն ոչ միայն գյուղերի, այլև Երևանի դպրոցները:
Արսեն Բաղդասարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - Մենք ունենք շատ լավ մասնագետներ, օրինակ, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, որոնք հնարավորություն չունեն դպրոցում դասավանդելու, որովհետև որակավորում չունեն: Այս կարգավորմամբ հնարավորություն են ստանում մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձեռք բերել:
Դպրոցներում սուր է հատկապես բնագիտական առարկաների ուսուցիչների խնդիրը: Մանկավարժական համալսարանի 476 դիմորդից քիմիայի, ֆիզիկայի ֆակուլտետ է ընդունվել մեկական ուսանող: Այս նոր կարգավորմամբ, եթե առնվազն երկու անգամ մրցույթով չլրացվի ուսուցչի թափուր տեղը, կդիտարկվեն վերապատրաստված մասնագետները: Դասընթացն իրականացնելու են Մանկավարժական համալսարանն ու «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամը:
Մարիաննա Հարությունյան (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր) - Ամբողջապես զինված լինի բազային, մասնագիտական գիտելիքներով, և այդ 30 կրեդիտի շրջանակում մենք միայն փոխանցենք մանկավարժական այն բաղադրիչները, կոմպետենցիաները, որոնք անհրաժեշտ են մասնագետին դպրոց մտնելիս:
Բնագիտական առարկաների մասնագետների պակասը հաշվի առնելով՝ որոշվել է թեկնածու անձանց հնարավորություն տալ մասնակցել թափուր տեղի մրցույթին՝ պայմանով, որ մեկ տարվա ընթացքում վերապատրաստման ծրագրով կստանան 30 կրեդիտը: Մյուս առարկաների դեպքում նախապես պետք է ունենան այդ միավորները:
Արսեն Բաղդասարյան - Խնդիրը, որ կա բնագիտական առարկաների նկատմամբ, հետաքրքրությունը բարձրացնելու համար և՛ դպրոցականների շրջանում, և՛ դիմորդների շրջանում, նախարարությունը հանդես է եկել երկու նոր նախաձեռնությամբ, որը հնարավորություն է տալու բնագիտական առարկաների ուսուցիչներին ստանալ հավելաճար՝ անկախ ատեստավորման, տարակարգի գործընթացից:
Մարիաննա Հարությունյան - Ստեղծում ենք շրջանավարտների մեր բազան, որ փորձենք մանկավարժներին բերենք ոլորտ, դա էլ է մեր հիմնախնդիրներից:
Մանկավարժի որակավորման համար դասընթացների տևողությունը լինելու է մեկ կիսամյակ: Ծրագիրը կգործի այս տարվանից: