Քրիստիննե Գրիգորյանն օգոստոսի 2-ին փաստահավաք այց է կատարել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ։
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաև Վերին Շորժայի սարատեղի։
Քրիստիննե Գրիգորյանի փաստահավաք այցը
մեկնարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմամբ։
Մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի խնդիրները, առաջնահերթ կարգով՝ սահմաններին տիրող իրավիճակի, բնակավայրերի գազիֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, գյուղատնտեսական աշխատանքների համար առկա խոչընդոտների, մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իրականացվող ու նախատեսված սուբվենցիոն ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:
Պաշտպանը նշել է, որ տեղյակ է մարզում առկա խնդիրներին, որոնք առավել են սրվել 2021 թ. մայիսի 12-13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո:
Հաջորդիվ Պաշտպանն այցելել է Գեղարքունիքի ՄԻՊ մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կատարվելիք աշխատանքները։
Այնուհետև, Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս համայնք, որտեղ հանդիպել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ: Տեղում քննարկվել են խոշորացված համայնքի մարտահրավերները, առաջնահերթությունները, համայնքի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները:
Մարդու իրավունքների պաշտպանը Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ: Մարդիկ Պաշտպանին մտահոգություն են հայտնել հիմնականում անվտանգային հարցերի վերաբերյալ:
Նշել են, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը: Գործնականում ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել իրենց համար սեփականության իրավունքի իրացումը։
Նորաբակ սահմանամերձ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նախևառաջ անվտանգության ապահովման հարցեր։
Բնակիչներն առաջնահերթ են համարել նաև խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարցը, ինչպես նաև նշել, որ խոտհարքների և արոտավայրերի կրճատման պատճառով գրեթե անհնար է դարձել անասնապահությամբ զբաղվելը, էականորեն պակասել է անասնագլխաքանակը: Բարձրացվել են նաև համայնքի վարելահողերից հենց համայնքի բնակիչների կողմից օգտվելու հետ կապված խնդիրներ։
Սահմանամերձ Կութում բնակիչները Պաշտպանին ներկայացրել են անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող նույնանման մտահոգություններ և խնդիրներ։
Կութի բնակիչները նշել են նաև առաջնային լուծում պահանջող խմելու և ոռոգման ջրի մատակարարման, միջհամայնքային տրանսպորտի հասանելիության, գյուղի ճանապարհի վերանորոգման և լուսավորության ապահովման հարցերը: Դեռևս լուծում չի ստացել անցյալ տարի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածք անցած ու չվերադարձված Կութի բնակիչներին պատկանող ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունների փոխհատուցման հարցը։
Սոթքում մշտադիտարկման այցի ընթացքում բնակիչները Պաշտպանին մտահոգություն են հայտնել անվտանգային և զբաղվածության ապահովման խնդիրների վերաբերյալ: