ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԼՂ-ում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին, ինչի հետևանքով
Արցախում զոհվել է ՊԲ 2 զինծառայող, վիրավորվել 14-ը:
«Այս օրերի և այս պահի սահմանային իրավիճակը ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է, որի թիրախում Լաչինի միջանցքն է։
Արդեն երրորդ օրն է՝ ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ կրկին դիմելով ագրեսիայի։
Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումն անթույլատրելի ու դատապարտելի է:
Ռուսական խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն՝ ապահովելու իրենց պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությունը՝ իրենց մանդատին համապատասխան»,- գրել է պատգամավորը: