Ջրի ակունքի մոտ ենք՝ Արարատում գտնվող Գայ-Հայկաշեն քաղցրահամ ստորերկրյա ջրերի հանքավայրի հորատանցքն է:
Արտաշես Աղինյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ հիդրոերկրաբան) - Սա իրանից ներկայացնում է խորքային հոր, փորված է մինչև 300 մ խորություն, ամրակապված է 150 մ, 150-300 մ գտնվում է արդյունավետ ջրային հորիզոնը:
Այս պահին 900 հեկտարի վրա իրարից 1-1,5 կմ հեռավորությամբ այսպիսի 28 հորատանցք է օգտագործվում:
Հենց այստեղից է ջուրը մղվում պոմպակայան, այնտեղ վնասազերծվում և ճանապարհ ընկնում Երևան:
Կարեն Զաքարյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ քլորի և խմելու ջրի մաքրման կայանների ծառայության պետ) - Օրը 24 ժամ միացված է, մինչև ջրի պահանջարկը նվազում է:
5 տարի առաջ հինգ պոմպակայանից երկուսն էին աշխատեցնում, հիմա մեկը՝ փորձում են այս ջրի մասնաբաժինը նվազագույնի հասցնել: Հիշեցնում են՝ դեռ 2000 թ. Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում ջրի 90 տոկոսը ստացվում էր այդ հորերից։ Այս ջուրը, սակայն, ոչ միայն համի առումով է զիջում, այլև այն ստանալը ծախսատար է:
Այդ ջուրը խառնվում է Արզականի, Գառնու ջրամբարների փափուկ ու սառը ջրին, մինչև կհասնի ծորակ: Ջրի որակի պատասխանատուն նշում է՝ դեռևս բացառել չեն կարող, քանի որ այս սեզոնին ջրի սպառումն ավելանում է ավելի քան 5 հազար լիտրով, հակառակ դեպքում բնակիչները չեն ունենա շուրջօրյա ջրամատակարում, իսկ գրաֆիկը չպահելը օրենքի խախտում է:
«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները համամիտ են բնակիչների հետ՝ իր որակով, բաղադրությամբ այս ջուրը զիջում է լեռներից եկողին, շեշտում են, բայց դա չի նշանակում, որ չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: Ամենօրյա ռեժիմով են լաբորատոր ստուգումներն անում:
Լևոն Ղուկասյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ ջրի որակի վարչության պետ) - Եթե ունենք նորմատիվային շեղումներ, դա չի մատակարարվում բաժանորդներին, անմիջապես կատարվում է ջրամատակարարման դադարեցում, վերջին անգամ Երևանի կենտրոնական լաբորատորիայից նման ահազանգ ստացել ենք 3 տարի առաջ:
Ջրի վատ համը, ասում են՝ ջրի ջերմաստիճանի հետ հիմնականում կապ ունի: Արտեզյան հորից դուրս գալու պահին ջուրն արդեն իսկ մոտ 13-15 աստիճան է:
Չնայած մի շարք բնակիչներ հենց ջրի հետ են կապում ընթացիկ առաջացած աղիքային խնդիրները, բայց «Վեոլիա ջրից» նշում են՝ բռնկումներ չեն եղել:
Անվնաս, բայց և անհամ ջուրը բնակիչները ստիպված են սպառել մինչև սեպտեմբերի կեսերը. «Վեոլիա ջրից» են հայտնում, շեշտում՝ շահագրգիռ են օր առաջ պոմպն անջատելուն:
Շարունակելու են նաև ամեն մի բողոքի հետևից գնալ: Դրանք հաճախակի անջատումներին ևս ուղղված են: Մուրադ Սարգսյանը Խաղաղ Դոնի օրինակն է բերում, այստեղ փոխվում է հին ցանցը:
Մինչև տարեվերջ կավարտեն, այսպես 20 աշխատանք է իրականացվում: Բնակիչները նաև այլ բնակիչներից են բողոքում՝ խմելու ջուրը խմելու համար չեն օգտագործում:
Խնդիրն առաջնային է՝ նշում են ոլորտին մոտ կանգնած մարդիկ: Փոքրիկ այգիներից մինչև մեծ դաշտեր, ձկնաբուծության և այլ նպատակներով խմելու ջրի օգտագործումը կանխելու համար համակարգային լուծում է պետք՝ պետական մակարդակով, որն ուշանում է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան