Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությանը հանրային մեղադրողն առաջարկել է Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։
Չալաբյանի պաշտպանը նշել է, որ խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, որոշել է 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։
Հուլիսի 27-ից Չալաբյանն ազատության մեջ էր, քանի որ կալանքի ժամկետը լրացել էր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը (երկու ամսով):