Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 09.00-ից ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարը, թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկու զինծառայող՝ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը, զոհվել են: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Լուրերի» հետ զրույցում մանրամասներ է հայտնել վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին:
«Մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- ասել է Հայրիյանը: