Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին:
«Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։