ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻ ԱՅՑԸ ԹԱՅՎԱՆ
Ավարտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի սկանդալային այցը Թայվան. այն տևել է 19 ժամ 20 րոպե։ Փելոսին շարունակում է իր ասիական շրջագայությունը՝ ուղևորվելով Հարավային Կորեա և Ճապոնիա։
Փորձագետները կանխատեսում են, որ Թայվանի շուրջ իրական ճգնաժամը կարող է սկսվել Փելոսիի հեռանալուց հետո։ Փելոսին Թայվանի վարչակազմի ղեկավարի և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո մի քանի դեմոկրատական ակտիվիստների հետ է հանդիպել, ինչն ավելի է զայրացրել Չինաստանին:
Պեկինը, դատապարտելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը, Թայվանի մերձակայքում զորավարժություններ է սկսել և ԱԳՆ հրավիրել Պեկինում ԱՄՆ դեսպանին:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փելոսիի այցը Թայվան միասնական Չինաստանի սկզբունքի և չին-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկեների դրույթների կոպիտ խախտում է, ինչպես նաև խարխլում է երկու երկրների հարաբերությունների քաղաքական հիմքը:
Պեկինում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Թայվան որակել են որպես ոտնձգություն Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչը վնասելու է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Չինաստանի ռազմական գործողությունները օրինական են և նախատեսված են որպես զսպող գործոն Թայվանի համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲԵՐԲՈՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Բեռլինի համար անընդունելի է, երբ խախտվում է միջազգային իրավունքը, և ավելի մեծ հարևանը հարձակվում է փոքրի վրա. դա վերաբերում է նաև Չինաստանին։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի պատճառով տարածաշրջանում ստեղծված լարվածությունը։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինն արձագանքել է՝ Բերբոքին նախազգուշացնելով Թայվանի վերաբերյալ չմտածված հայտարարությունների հետևանքների մասին։
«Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունները Թայվանի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը։ «Մեկ Չինաստան» սկզբունքի խախտումը կարող է խաթարել Բեռլինի հետ երկկողմ հարաբերությունները։ Մենք հույս ունենք, որ գերմանական կողմն անաչառ և ճիշտ դիրքորոշում կորդեգրի Թայվանի հարցում»,- հավելել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
ՓԵԼՈՍԻԻ ԱՅՑԸ ԹԱՅՎԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԱՄՆ ՁԳՏՈՒՄԸ. ԼԱՎՐՈՎ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան արտացոլում է ԱՄՆ-ի ձգտումը՝ բոլորին ապացուցելու իր անպատժելիությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյանմայի արտգործնախարարի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին:
«Կասկած չունեմ, որ ԱՄՆ-ի այդ քայլն արտացոլում է այն նույն գիծը, որի մասին մենք խոսում ենք Ուկրաինայի իրավիճակի համատեքստում։ Դրա նպատակն իր անպատժելիությունն ու ամենաթողությունը ցույց տալն է»,- ընդգծել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։ ՌԴ արտգործնախարարությունը Թայվան Փելոսիի կատարած այցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ Նշվում է, որ Մոսկվան այդ այցը դիտարկում է որպես «ակնհայտ սադրանք»։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՎԻ ԶՆՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Ուկրաինական հացահատիկ տեղափոխող առաջին նավի զննումն ավարտված է՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: Այսօր բեռնանավը կլքի Բոսֆորի նեղուցը՝ շարունակելով ճանապարհը դեպի Բեյրութ։
26 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող նավը Օդեսայի նավահանգստից դուրս էր եկել 2 օր առաջ, Ստամբուլի ափամերձ գոտի հասել երեկ երեկոյան: Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև կնքված քառակողմ համաձայնագրով Օդեսայի նավահանգստից դուրս եկող և այնտեղ ուղևորվող բոլոր նավերն այսուհետ ևս ենթարկվելու են մանրակրկիտ ստուգման։ Այն իրականացնում են հատուկ այդ նպատակով ստեղծված մոնիթորինգի համատեղ կենտրոնի աշխատակիցները։