Նոր ուսումնական տարվանից առաջին անգամ լսարան կմտնի 9729 ուսանող, երկու փուլի արդյունքում ճիշտ այդքանն են այս տարի բուհ ընդունվել: Միասնական քննություններին մասնակցելու համար հայտագրվողների թիվը մոտ 13900 է եղել, բայց միասնական քննությանը ներկայացել են միայն 11587-ը: Ընդհանուր 22000 տեղից մոտ 14000-ը թափուր են մնացել:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Թափուր տեղերը՝ հիմնականում ոչ պետական բուհերի մասնակցությունն է դրանում մեծ, ոչ պետական բուհերի համար հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել են 131-ը:
Այս տարի հիմնական մրցույթը եղել է իրավագիտություն, բուժական գործ, ստոմատոլոգիա, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, կիրառական մաթեմատիկա մասնագիտությունների գծով: Թափուր են մնացել աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ: 258-ի դեպքում նույնիսկ անվճար տեղերը չեն համալրվել:
Լուսինե Գրիգորյան - 10 հիմնական թափուր տեղերը Ագրարային համալսարանում, ԵՊՀ-ում ևս կան, օրինակ՝ կիսահաղորդիչների՝ 5 տեղ անվճար թափուր, քիմիա, աշխարհագրություն, երկրաբանության քիմիական տեխնոլոգիաներ: Այդ մասնագիտությունները ևս անվճար տեղերի առումով թափուր են:
Թափուր տեղեր կան նաև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Սուրդոմանկավարժությունը, մշակութաբանությունը, գրադարանային տեղեկատվական աղբյուրները, Ագրարայինի մի շարք մասնագիտություններ ևս պահանջված չեն: Ագրարային համալսարան ընդամենը 40 դիմորդ է ընդունվել:
Լուսինե Գրիգորյան - Մասնագիտություններն ունեն պահանջարկ, ուղղակի մասնագիտությունների գրավչությունը բարձր չի դիմորդների շրջանում, անվճար լինելու հանգամանքը ևս չի խրախուսում:
Կրթական գերատեսչության պաշտոնյան թափուր տեղերի քանակը պայմանավորում է նաև այս տարվա երկու միասնական քննությունների պահանջով: Այս տարի հեռակա ընդունելության կարգում էլ է փոփոխություն եղել:
Լուսինե Գրիգորյան - Այս տարի ամրագրեցինք, որ հեռակա ընդունելության քննությունները ևս պետք է լինեն միասնական, դրանք պետք է կազմակերպի ԳԹԿ կենտրոնը, հայտագրումը կլինի «Առցանցդիմորդ.ամ» կայքում:
Հայտագրումը կանցկացվի սեպտեմբերի 5-25-ը: Գնահատման և թեստավորման կենտրոնը, ըստ դիմորդների թվի, բուհերում կբացի քննական կենտրոններ: Ընդունելության քննություններն էլ տեղի կունենան հոկտեմբերի վերջին տասնօրյակում: Հեռակա ընդունելության կարգի փոփոխությունը ոչ պետական բուհերի համար կգործի հաջորդ ուսումնական տարվանից: