Լիլիթ Ալթունյանի և Արմինե Անդայի համահեղինակությամբ ստեղծված «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը դեռ 1 տարին չբոլորած արդեն հաջողությամբ ներկայացվել է 36 միջազգային կինոփառատոներում:
2018-ին անիմացիոն նախագիծը ներկայացվեց «Ռեանիմանիա» փառատոնի աշխատարանում և արդեն 2019 թ. համատեղ արտադրության մրցանակ շահեց Անսիի փառատոնի կինոշուկայում, նաև արժանացավ ոլորտային նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությանը: 2021 թ. հոկտեմբերին ֆիլմի միջազգային պրեմիերան էր Բուխարեստի «Անիմեսթ» միջազգային անիմացիոն փառատոնում: Այնուհետև ձևավորվեց փառատոնային օրակարգը:
Արմինե Անդա (ֆիլմի սցենարի համահեղինակ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար) - Այդ փառատոների թվում են տասնյակ «Օսկար» որակավորման և առաջնակարգ անիմացիոն փառատոներ:
«Երբ ես տխուր եմ» ֆիլմը մի պոետիկ ճամփորդություն է մարդու զգացմունքների աշխարհում, թախծի, տխրության միջոցով գեղեցիկ վերափոխումների հասնելու ձգտում: Ֆիլմի համահեղինակները՝ երկու մանկագիր գաղափարակից բարեկամներ, նուրբ ու անխառն էմոցիաների միջոցով ցանկացած տարիքի հանդիսատեսի հետ երկխոսում են պարզ և շատ կարևոր ճշմարտությունների մասին:
Լիլիթ Ալթունյան (ֆիլմի ռեժիսոր, մանկական գրքերի հեղինակ և նկարազարդող) - Ցանկություն ունեի տխրությունը որպես էմոցիա բացելու, չէ՞ որ մեր ընկալումն ավելի բացասական է:
Ֆիլմի հաղթարշավը շարունակվում է, իսկ Արմինե Անդան արդեն ավարտում է իր նոր անիմացիոն ֆիլմը ՝ «Թռչող տերևների երգը» հայ-իրանական համատեղ նախագիծը, որի ռեժիսորը, պրոդյուսերն ու գլխավոր դերակատարն է ինքը: Ֆիլմի սցենարը Ռոման Բալայանին է, մոտ մեկ տարվա մտորումներից հետո Արմինեն հասկացել է՝ լավագույն լուծումն անիմացիան է, և ստացել է Բալայանի համաձայնությանը:
Արմինե Անդա - Գրեցի՝ կարո՞ղ եմ անիմացիոն սցենարի վերածել, միայն մի բառ ասաց՝ մոժնո:
Արմինեն փաստում է՝ վերջին պատերազմը շատ բան փոխեց իր կյանքում, հիմա որոշել է վերադառնալ իր հեքիաթներին և հայրենակիցներին փոխանցել մեծ երազանքներ ունենալու ուժն ու դրանք իրականացնելու կամքը: