Արդեն 8 տարի է անցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ոճրագործությունից, քաղաքական հանցագործություն, որը իր խորը հետքն է թողել եզդի ժողովրդի քաղաքական, հասարակական, հոգեգիտակցական կյանքի ու դրա կազմակերպման վրա։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Այսօր էլ, բազմաթիվ եզդիներ ապրում են վրաններում` ծայրահեղ ծանր պայմաններում, շատերը, ցեղասպանությունից մազապուրծ, խաղաղ կյանք են փնտրում օտար ափերում` կանգնելով ուծացման ծանրագույն վտանգի առջև...
Հարգանքի տուրք մատուցելով Սինջարի եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, հանուն համազգային իղձերի ու նպատակների իրականացման համատեղ աշխատանքի, նվիրումի, միասնականության կոչ եմ անում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայրենակիցներիս` պայքարելու հանուն պատմական արդարության վերականգնման և ի կատար մեր ժողովրդի մեծ երազանքների։
Վստահ եմ` համառ աշխատանքով, միասնականությամբ և հավատքով հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները։
Ի գործ` հանուն եզդի ժողովրդի անվտանգ, խաղաղ, բարեկեցիկ ներկայի և ապագայի»,- նշված է գրառման մեջ։