maparmenia.am ինտերնետային հասցեում Կադաստրի կոմիտեն ազգային գեոպորտալ է ստեղծել և համակարգ ներբեռնել՝ երկրում եղած գույքի վերաբերյալ իր բազաներում ունեցած հիմնական տվյալները։
Կարեն Գրիգորյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ՏՏ կենտրոնի ղեկավար) - Գեոպորտալում ներմուծված են գետային ցանցը, ռելիեֆը, ՀՀ բնակավայրերի կադաստրային քարտեզները 755 բնակավայրերի համար:
Քարտեզներ ու մետատվյալներ պարունակող յուրօրինակ շտեմարանից կարող են օգտվել և՛ բնակչությունը, և՛ պետական մարմինները, և՛ գյուղապետարան-քաղաքապետարաններն ու բիզնեսը։ Շինարարություն իրականացնողը, օրինակ՝ այլևս ստիպված չի լինի մի քանի գերատեսչությունից փաստաթուղթ հավաքել՝ ճշտելու՝ արդյոք իր կառուցապատման տարածքում ուրիշ մեկը սեփականություն չունի՞, կամ ինչքա՞ն մոտ են անցնում գազատարն ու հոսանքի գծերը։ Այդ ամենը հիմա կարելի է ստուգել պորտալում՝ ժամանակ ու նյարդեր խնայելով՝ աշխատանքային խորհրդակցությանը հայտարարեց Կադաստրի ղեկավարը։
Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար) - Եթե տեսչական մարմինը հարցում է անում, խնդրում ենք՝ տվե՛ք էս հողամասի կոորդինատը, կա հնարավորություն որոնել ծածկագրով, տպել, ստանալ շենք-շինությունների կոորդինատները։ Այլևս կարիք չկա դիմել մեզ, մենք սաղ ինֆորմացիան տվել ենք ձեզ:
Տեղեկատվության միասնական բազայի շնորհիվ միջգերատեսչական նամակագրությունն էլ կկրճատվի․ Կադաստրին դիմել-սպասելու փոխարեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացուն նպաստ նշանակելիս գեոպորտալում ինքնուրույն կստուգի՝ շահառուն հո սեփականություն չունի՞։ Էկոնոմիկան վերջապես կկարողանա հստակեցնել երկրում չմշակվող գյուղատնտեսական հողերի մակերեսը։ Մարզերում կհեշտանա այս կամ այն ծրագրով ճանապարհ կամ ջրագիծ նախագծելը․ սա Կառավարության ծրագրում ներառված շատ կարևոր և օգտակար ռեֆորմ է՝ արձագանքեց նախարար Սանոսյանը։
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Պարոն Թովմասյանը նշեց ջրագծերը, էդպես կարելի է մեր նախարարության բոլոր ենթակառուցվածքները թվել, հետո կանցնենք խաղողի այգիներին, ճանապարհներին, էներգետիկային:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Սա դեռ սկիզբն ա աշխատանքի, մենք բոլորս պետք է աշխատենք, որ համակարգը դառնա լիարժեք գործող, ու ինչքան շատ տվյալ այնտեղ լինի՝ էդքան նպատակային կծառայի:
Գեոպորտալը բաց է ինչպես եղած ինֆորմացիայի ճշգրտման-ուղղման, այնպես էլ նոր տվյալների մուտքագրման համար։ Այս քննարկումից հետո որոշվելու է՝ որ գերատեսչությունը թեմատիկ ի՛նչ շերտեր, ասենք՝ պատմամշակութային հուշարձանների ցանկ-տեղադիրք պետք է բազայում լրացնի: Դրա վրա գուցե տուրիստական բիզնեսները երկրի զբոսաշրջային նոր քարտեզներ կազմեն։ Կադաստրում ասում են՝ անցել է արբանյակային կամ օրթոլուսանկարահանումների տվյալները սերվերներում փակելու ժամանակը։