Օգոստոսի 1-ից սկսած ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ պահպանելով կայուն լարվածություն:
Օգոստոսի 3-ին՝ առավոտ 09։00-ից սկսած արդեն, ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը, կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով զոհվել է 2 զինծառայող՝ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը:
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել:
Պաշտպանության բանակից տեղեկացնում են՝ ժամը 18.00-ի դրությամբ՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Արցախի խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Արցախի ներքին գործերի նախարարությունն էլ տեղեկացնում է՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է, «Բերձորի հումանիտար միջանցքում» դեպքեր ու պատահարներ չեն գրանցվել:
Ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք:
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը դատապարտող հայտարարություն է տարածել նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ Ադրբեջանի գործողությունները որակել որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։
Կոչ է արել միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան