Չինաստանի իշխանություններն ուշադիր հետևում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը:
«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժան մասն է: «Մեկ Չինաստանի» սկզբունքը կարմիր գիծ է այլ երկրների հետ Պեկինի հարաբերություններում: Այս այցը համարում ենք ծայրահեղ վտանգավոր և սադրիչ: Կառավարության և զինվորականների կողմից հնարավոր պատասխան միջոցները օրինական կհամարվեն, դրանք կարվեն՝ թույլ չտալու Թայվանին գնալ անկախության սխալ ճանապարհով»,- նշել է Ջունը։
Դիվանագիտական լարվածության ֆոնին տեղեկություններ են ստացվում նաև, որ Թայվանի զինվորականները բերվել են մարտական բարձր պատրաստականության: Չինաստանի ժողովրդական բանակն էլ վարժանքներ է սկսել Հարավչինական ծովում: