Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Հայաստանի Հանրապետությունը սատարել է Հռչակագրի ընդունմանը և այլ երկրների հետ պարտավորվել է իրականացնել գործողություններ, որոնք միտված են մինչև 2025 թվականը կտրուկ նվազեցնել ՄԻԱՎ-ի նոր դեպքերի և ՁԻԱՀ-ի հետևանքով մահերի թիվը, այդպիսով մինչև 2030 թվականը փորձելով վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին որպես մարդու առողջությանը համաշխարհային սպառնալիք:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից հրապարակված «Վտանգի մեջ» զեկույցի համաձայն՝ աշխարհը չի հասցնում վերջ դնել ՁԻԱՀ-ը մինչև 2030 թվականը։ Իրավիճակը անհանգստացնող է մնում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը չի աճում և վերջին մի քանի տարիներին մնացել է նույն մակարդակի վրա, այնուամենայնիվ, նոր դեպքերի նվազման միտում ևս չկա։
Ուշ փուլերում հայտնաբերված ՄԻԱՎ-ի դեպքերի թիվը մնում է բարձր։ Ամենից հաճախ այս դեպքերը կապված են այն բանի հետ, որ ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության մեջ դեռևս առկա խարանի և խտրականության պատճառով մարդիկ հաճախ խուսափում են հետազոտվելուց և ժամանակին օգնության դիմելուց: Մյուս պատճառն այն է, որ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրներում աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող Հայաստանի շատ քաղաքացիներ այդ երկրներում թեստավորման և բուժման հնարավորություն չունեն։
Հայաստանի Հանրապետությունն ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու բոլոր նախադրյալները, մասնավորապես՝ 3.3 նպատակին, որը ներառում է ՁԻԱՀ-ի վերացումը: Այսօր ՄԻԱՎ վարակով ախտորոշված բոլոր մարդիկ կարող են ախտորոշումից անմիջապես հետո ստանալ անվճար, որակյալ բուժում։ Հենց այս մոտեցումն է, որ կարող է նվազեցնել ինչպես ՁԻԱՀ-ի հետ կապված մահերը, այնպես էլ ՄԻԱՎ-ի նոր վարակների թիվը, քանի որ բուժման մեջ գտնվող և չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ չեն կարող փոխանցել վարակը: Այնուամենայնիվ, դեռ շատ բավական աշխատանք կա անելու՝ կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից համատեղ։
Մենք գիտենք այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է շարժվել։ Դրանք հստակ ձևակերպված են ՁԻԱՀ-ի մասին նոր քաղաքական հռչակագրում և արտացոլված են առաջիկա 5 տարիների համար այս տարի ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության նոր ռազմավարության մեջ: ՄԻԱՎ-ի ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով ընթացքի մեջ է թեստավորման և և ՀՌՎ բուժման տրամադրման ծառայությունների ապակենտրոնացումը։ Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում ցանկացած մարդ երկրի ցանկացած կետում, նույնիսկ ամենահեռավոր շրջաններում, ամբուլատորիայի մակարդակով, կկարողանա հանձնել ՄԻԱՎ-ի թեստ, պարզել իր կարգավիճակը և, անհրաժեշտության դեպքում ստանալ բուժում։
Երկիրը լուրջ քայլեր է ձեռնարկում պատժիչ, խտրական օրենքներն ու քաղաքականությունը փոխելու ՄԻԱՎ-ի ապաքրեականացման նպատակով սկսված աշխատանքները ավարտելու նպատակով. անցած տարի այդ ուղղությամբ արվեց առաջին քայլը՝ հանվեց մեկ այլ անձի ՄԻԱՎ վարակի վտանգի ենթարկելու համար քրեական պատիժը: Մարդու իրավունքների, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը, բոլորի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով, արտացոլված է մեր ռազմավարության մեջ:
Կանխարգելիչ միջոցառումներն ակտիվացնելու նպատակով Հայաստանը կանխարգելման նորարարական ծրագրեր է ներդնում, ներառյալ՝ նախակոնտակտային կանխարգելում, համայնքային թեստավորում ու ինքնաթեստավորում, դեպքերի օպտիմիզացված հայտնաբերում։
Հայաստանը գիտակցում է համայնքների կարևոր դերը ՄԻԱՎ-ին արձագանքման գործում և արդեն հաջողությամբ ինտեգրում է նրանց ՄԻԱՎ-ի դեմ պայքարի պլանավորման, իրականացման և մոնիտորինգի ազգային մեխանիզմներում:
COVID-19 համաճարակը, այլ արտակարգ իրավիճակները և դրանցից բխող տնտեսական ճգնաժամը ստեղծել են աննախադեպ խոչընդոտներ, որոնք սպառնում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Համաշխարհային համերաշխությունը նվազում է, ավելի հարուստ երկրները կրճատում կամ վերաբաշխում են մարդասիրական բյուջեները:
Վերջին տարիներին երկիրը մեծացնում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված պետական ծախսերը` ստանձնելով մեթադոնի գնումը փոխարինող բուժման նպատակով և ՀՌՎ դեղերի գնումների մեծ մասը: Այնուամենայնիվ, այսօր ակնհայտ է, որ դոնորների աջակցության նվազման համատեքստում անհրաժեշտ է վերահաշվարկել և վերաբաշխել ռեսուրսները՝ համաճարակին հակազդման ամենաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Մենք լիահույս ենք շարունակել ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ՝ ուղղված երկրի քաղաքացիների համար որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության և առողջության ամենաբարձր հասանելի մակարդակի իրավունքների իրացմանը։ Մենք նաև գիտակցում ենք, որ մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ը չհաղթահարելու հետևանքով առաջացած մարդկային և ֆինանսական կորուստները էապես կգերազանցեն իրավիճակը փոխելուն ուղղված անհապաղ և անհրաժեշտ գործողությունների ծախսերը։
ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը խոստում է, որը հնարավոր է և պետք է պահել»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: