Կառավարության որոշմամբ առաջիկայում Վանաձորում կկառուցվի աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի անվան մարզահամալիր:
Ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է WBA, WBC և IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնին և կառավարության ներկայացուցիչներին:
Լոռու մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել աշխարհահռչակ մարզիկին՝ համայն հայությանը հպարտության պահեր պարգևելու, անգերազանցելի հաղթանակների համար և նշել, որ նրա ներդրումը հայ բռնցքամարտի զարգացման գործում անգնահատելի է:
Վիկ Դարչինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դպրոցի կառուցման և Հայաստանում բռնցքամարտի՝ իր կողմից հիմնադրվելիք ակումբների գործունեության հետ կապված հաճախակի կլինի հայրենիքում ու մասնավորապես՝ ծննդավայր Վանաձորում:
Կողմերը քննարկել են դպրոցի կառուցման տեղանքի հետ կապված հարցեր, ապա շրջել Վանաձորում՝ կառուցվելիք համալիրի համար տարածք դիտարկելու նպատակով: