Ծանրությունից հողի շերտը կնստի, կվնասի ծառի արմատը. Քրիստինա Վարդանյանը դիտարկումն ուղղում է շինարարին, հուշում՝ շինանյութը պետք է դրվի ասֆալտի կարծր մակերեսին: Դա նաև Երևանի ավագանու որոշման պահանջն է՝ նախ կահավորել շինհրապարակը, կանաչ ֆոնդը զերծ պահել ծանր տեխնիկայի ներգործությունից, որ ծառերը կանգնած չմահանան:
Քրիստինա Վարդանյան (ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.) - Առնվազն մեկ մետր բարձրություն չի պահպանվել: Տեսնում եք՝ ինչ վնասվածք է, հեղուկի արտահոսք: Մաքրվի, մշակվեն վերքերը: Հեռավորությունը պետք է ավելի շատ լինի, չորս կողմից սահմանափակում, որ վնասում չլինի:
Բժշկական գիտությունների թեկնածուն 15 տարի է՝ զբաղվում է Երևանի էկոլոգիական խնդիրներով: Նրա ախտորոշմամբ՝ Երևանում լուրջ է կանաչ ֆոնդի առողջական վիճակը: Հորդորում է՝ շինարարության ժամանակ առավելագույնը պաշտպանել ծառերը, քանի որ վնասվածքը կարող է դառնալ ինֆեկցիոն, սնկային հիվանդությունների պատճառ:
Քրիստինա Վարդանյան - Կեղևը, ոնց որ մեր մաշկը, ծածկում է, խոչընդոտում վարակի ներթափանցումը դեպի խոր հյուսվածքներ: Դեռ խորհրդային միության ժամանակ՝ 80-ականներին, ունեինք որոշում, որում ֆիքսված էր՝ շինարարության ժամանակ ինչպես է պետք պաշտպանել ծառերը, ավագանին համահունչ է դարձրել այսօրվա պահանջներին:
Աբովյանի պուրակի ծառերից առանձնացնում է ճապոնական սոֆորան, որն, ըստ նրա, ունի սանիտարական պարամետրեր, շոգին դիմանում է, հարմար է Երևանի կլիմային: Սոֆորան նաև դեղաբույս է: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը նշում է՝ զգուշացրել է շինարարին՝ շտկել թերությունները:
Գևորգ Նազարյան - Աբովյան պուրակում սա մի դեպք է, որից հասկանալի է՝ ունենք բարձիթողի վիճակ: Այնտեղ կային վթարային ծառեր, ինվազիվ: Ուզում ենք ստանալ գեղատեսիլ պուրակ, որը կծառայի երիտասարդությանը:
Հերացի փողոցին մոտ գտնվող՝ Կարմիր գրքում գրանցված սոսիները չեն վնասել՝ հարևանությամբ իրականացված շինարարության ժամանակ: Վարդանյանը ուրախությամբ է ցույց տալիս նաև Աջափնյակի համար 49 մանկապարտեզի բակի ղրիմյան սոճիների փոքրիկ անտառը, որ կրկին հնարավոր է եղել պահպանել շինարարական ճիշտ աշխատանքի շնորհիվ:
Սամվել Միլիտոնյան (Երևանի համար 49 մանկապարտեզի աշխատակից) - Ծառեր շատ կան, թփեր էլ: Ծառն էլ, թուփն էլ ասում է՝ ջրելու կարիք ունի՞, թե՞ չէ: Չենք թողել, որ կպնի, ջարդի:
Քրիստինա Վարդանյան - Մանկապարտեզի համար կարևոր է, քանի որ մանկական հիմնարկի տարածքը պետք է 50 տոկոսը կանաչապատ լինի, նորմերը պահպանվեն՝ երեխաների առողջությունը պահպանելու համար:
Երևանն ունի 870 հեկտար կանաչապատ տարածք: Փորձագիտական հաշվարկով՝ մայրաքաղաքում կա ավելի քան մեկ միլիոն ծառ: Տարածքը կառուցապատելիս շինթույլտվության ժամանակ դեռ նշվում է ծառերը չվնասելու՝ ավագանու որոշման պահանջի մասին: Ապա քաղաքապետարանը վերահսկում է դրա կատարումը:
Գևորգ Նազարյան - Եթե նկատում են ինչ-որ թերություններ, կարող են կազմել արձանագրություն և ենթարկել վարչական պատասխանատվության: Մենք տնտեսվարողներին զգուշացնում ենք, փորձում կանխել խախտումները: Նպատակ չկա բոլորին տուգանել, այլ ավելի կարևոր է, որ կանխարգելվի:
Երևանի կանաչ ֆոնդը քարտեզագրվում, յուրաքանչյուր ծառ հաշվառվում է: Էլեկտրոնային քարտեզագրումը Կենտրոն վարչական շրջանում ավարտել են, սկսել՝ Արաբկիրում: