ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանին: Այդ մասին ասված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ժամանակ ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջիկա անելիքները, ձևավորված նախնական մոտեցումներն ու առաջնահերթությունները: Կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվելու ոչ հիմնական շինությունների հետագա տնօրինման և դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված մոտեցումներն ու առաջնահերթությունները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշման նախագիծը ներկայացնել նաև ՀՀ Ազգային ժողով՝ համապատասխան հանձնաժողովներում քննարկելու և առաջարկություններ ձևավորելու նպատակով»,- նշված է գրառման մեջ: