Ուզբեկստանում օգոստոսի 2-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան բանակցություններին:
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման հարցով բանակցություններին»,- նշել է Չավուշօղլուն: նա նաև հավելել է՝ Անկարան ևս քայլեր է ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Առաջ ենք շարժվում հատուկ ներկայացուցիչների հանդիպումների և Ադրբեջանի հետ խորհրդակցությունների միջոցով: Նոր կապուղիները, որոնց գործարկումն օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և եվրոպական տարածաշրջանը կապելու են իրար և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նաև հավելել է, որ Ուկրաինայում և Աֆղանստանում հակամարտություններն անմիջականորեն ազդում են տարածաշրջանի վրա, խաթարում առևտրային առկա ուղիները և ստիպում Անկարային տրանսպորտային նոր միջանցքներ փնտրել: Նրա խոսքով՝ առանց նոր ուղիների դժվար է ապահովել պարենային և տնտեսական անվտանգությունն աշխարհում։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐՆ ԱԿՏԻՎ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ. ԵՐՄԱԿ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է՝ եթե մարտերը չդադարեցվեն մինչև ձմեռ, կորցրած տարածքները վերադարձնելը ավելի դժվար կլինի։
«Կանենք ամեն ինչ, որ փակուղուց դուրս գանք մինչև ձմեռ. առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն»,- պարզաբանել է Երմակը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ուկրաինական զորքերն ակտիվ հակահարձակման են անցնում երկրի հարավում։
«Այս պատերազմում երբեք զիջումների չենք գնա, կպաշտպանենք մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- եզրափակել է նա։
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՆԱՎՆ ԱՆՑԵԼ Է «ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ»
26 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը նախօրեին դուրս էր եկել Օդեսայի նավահանգստից, հաջողությամբ անցել է «հացահատիկային միջանցքը» և ուղևորվում է դեպի սևծովյան նեղուցներ՝ հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Համատեղ համակարգման կենտրոնից էլ տեղեկացնում են, որ բեռնանավը Ստամբուլում կլինի կեսգիշերին: Այնտեղ համապատասխան ստուգում կանցկացնեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Ստուգումը հաջողությամբ անցնելու դեպքում նավը կշարունակի ճանապարհորդությունը դեպի Լիբանան:
Ստամբուլում ձեռք բերված պարենային համաձայնագրերին է անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում բացի ուկրաինական հացահատիկի արտահանումից պետք է ապահովվի նաև ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի հասանելիությունը համաշխարհային շուկաներ:
Զախարովան Արևմուտքին կոչ է արել չեղարկել հակառուսական պատժամիջոցները, որոնք, նրա խոսքով, ֆինանսական և նյութատեխնիկական դժվարություններ են ստեղծում ամբողջ աշխարհի համար։