Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում «Հայաստան-Ռուսաստան. սրտից սիրտ» խորագրի ներքո Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը երկար դադարից հետո ելույթ ունցեավ Մոսկվայի հանդիսատեսի համար։
Աշոտ Պետրոսյան (Ա․Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի դիրիժոր) - Հիմնականում ընտրել ենք բոլորին հայտնի երգացանկ։ Ե՛վ գործիքային համարներ, և՛ ժողովրդական, աշուղական, որոնք հոգեհարազատ են մեր ժողովրդին։
Հայ ժողովրդական, աշուղական հարուստ երաժշտական գունապնակից ընտրված ու ռուսական ստեղծագործություններ Մոսկովյան ունկնդրին ներկայացնում են հայկական խորհրդային էստրադայի լեգենդներ, Հայաստանի ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանը և Ռիմա Սարիբեկյանը, առաջին անգամ անսամբլի հետ նույն բեմում ներկայանում են նաև ռուսաստանաբնակ երաժիշտներ։
Ռուբեն Մաթևոսյան (ՀՀ ժողովրդական արտիստ, Ա․Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար) - Բացառիկ երջանկություն եմ ապրում, որ բացառիկ առիթ եղավ, պատմական նշանակություն օր, քանի որ ելույթ ենք ունենում մի սրահում, որի ճարտարապետը հայ է։
Մաեստրոն հիշատակում է՝ շինության ճարտարապետը Կարո Հալաբյանն է եղել։ Այս փաստն առաձնացնում է այն պատճառով, որ Հալաբլյանն անսամբլի հրավիրյալ երգիչների մեջ լավագույններից է եղել:
Ռուբեն Մաթևոսյան - Մերանգուլյանը նրան շատ հաճախ էր հրավիրում երգելու, որովհետև անգերազանց էր կատարում Սայաթ-Նովայի երգերը։ Ահա թե ինչու ինձ համար շատ կարևոր է այս սրահում ելույթ ունենալը։
Համույթում որպես կատարողներ հանդես են եկել հայ երգարվեստի լավագույն ներկայացուցիչները՝ Արմենակ Տեր-Աբրահամյանը, Արաքսյա Գյուլզադյանը, Շարա Տալյանը: Երկրորդ սերնդի մենակատարները ոչ միայն պահպանել են համույթի ժողովրդականությունը, այլև նոր լիցք են հաղորդում ժողովրդական երգարվեստին: Անսամբլը լրիվ կազմով Մոսկվայում վերջին անգամ ելույթ է ունեցել 1982 թվականին։ Տևական ընդմիջումից հետո հայ երգը կրկին հնչում է Մոսկվայում․ երգի վարպետները ելույթ են ունենում իրենց սաների հետ։ Անսամբլի մենակատար Ռիմա Սարիբեկյանը նշում է՝ այս օրվան սպասել է 30 տարի։
Ռիմա Սարիբեկյան (Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մենակատար) - Լինելով Ռուսաստանում՝ արվեստի միջոցով ներկայացրել եմ Հայաստանի և Ռուսաստանի միջև ջերմ կապը, բայց այս օրին սպասել ենք երկար: Սա մեծ խորհուրդ ունի, շատ ուրախ եմ։ ներկայացնում ենք մեր մաքրամաքուր արվեստը իմ երկու սաների հետ՝ Հայաստանից ու Ռուսաստանից։
Համերգը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Նախագծի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման հնարավորություն է։
Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը 95 տարի է, ինչ Հայաստանի և ռադիոյի այցեքարտն է։ Հայ և ռուս արվեստասերները նշում են՝ անսամբլը հայկական ժողովրդական և ազգային երգերի լավագույն պահապանն ու հանրահռչակողն է։