Հայկ Հովհաննիսյանի Mitsubishi ավտոմեքենան է, սա էլ ոստիկանության աշխատողի ավտոմեքենան է: Այդտեղ ազդանշան է տալիս, մեկ անգամ էլ պտտվում, շրջադարձ է կատարում: Հայկ Հովհաննիսյանը ավտոմեքենան կայանում է առջևը, ոստիկանության աշխատակիցը՝ կողքը, մեխանիկորեն ճանապարհը նեղանում է:
Մեկ ամիս առաջ Ապարանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության նախապատմության տեսագրությունն է: Այդ օրը՝ հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել էր կրակոցներով, ինչի հետևանքով սպանվել էր 2 անձ, վիրավորվել՝ 5-ը: Իսկ ամեն ինչ սկսվել էր հունիսի 18-ին, երբ Ապարանում 2 մեքենա իրար չզիջելու պատճառով ազդանշան էին տվել ու հետո պարզաբանումների համար մեքենաները կայանել անհարմար՝ բանուկ հատվածում: Այդ մեքենաների վարորդներն էին գործով մեղադրյալի եղբայրը՝ Հայկ Հովհաննիսյանը, և ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահի օգնականը: Խցանում ստեղծելու պատճառով նրանց խոսակցությանը միջամտել են նշված փողոցով, տարբեր ավտոմեքենաներով երթևեկող Ապարանի մի խումբ բնակիչներ, այդ թվում՝ գործով այժմ վկա Ռաֆիկ Մելիքյանը, տուժող Արմեն Բաղդասարյանը: Խոսակցությունը տեղափոխվել է Ապարանից Քուչակ տանող ճանապարհահատված:
Գրիգոր Մնոյան (Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Այդ խոսակցության ընթացքում, Հայկ Հովհաննիսյանը ավտոմեքենայում գտնվող որսորդական հրացանից մեկ անգամ օդ է կրակել, ինչի հետ կապված խոսակցությունը ավելի բուռն թափ է ստացել:
Ինչից հետո Հայկ Հովհաննիսյանը հեռացել է, իսկ արդեն Ապարանի հրապարակում իրար հետ են հանդիպել գործով տուժող Հայկ Հովհաննիսյանի ընկեր Սասուն Հայրապետյանը և Արմեն Բաղդասարյանը: Խոսակցությունն ավարտվել է կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ: Հունիսի 19-ի կեսօրին, նախորդ օրը տեղի ունեցած վիճաբանության հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով գործով մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանը, եղբոր և մտերիմների հետ Ապարանից դեպի Վանաձոր տանող ճանապարհի սկզբնամասում գտնվող գազալցակայան են կանչել իրենց հետ վիճաբանած անձանց:
Գրիգոր Մնոյան - Այդ ընթացքում նաև գազալցակայան է ժամանում Էդգար Փարվանյանը, որն այնտեղից հեռանում է ժամը 18:04 րոպեին և ընկերների հետ գնում է Ապարան քաղաք: Նրա հեռանալուց հետո մոտավորապես 11 րոպե անց այնտեղ է ժամանում նախորդ օրը այդ վիճաբանությանը մասնակից տաքսու վարորդ Ռաֆիկ Մելիքյանը, և խոսակցության ընթացքում Հայկ Հովհաննիսյանը ընդամենը մեկ անգամ ապտակում է Ռաֆիկ Մելիքյանին, այնտեղ այդ սենյակում լինում է նաև Մնացականը, որը հայտնի է քուչակցի Գռզո մականվամբ: Վերջինս անմիջապես միջամտում և Ռաֆիկ Մելիքյանին դուրս է հանում այդ սենյակից:
Մնացական Ասատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրն է, որն ըստ քննիչի՝ փորձել է հանդարտեցնել իրավիճակը, Ռաֆիկ Մելիքյանին էլ փորձել են հանդարտեցնել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիները՝ Ռոման և Վլադիմիր Փարվանյանները, ինչից հետո Մելիքյանը գազալցակայանից հեռացել է:
Գրիգոր Մնոյան - Անհրաժեշտ է նշել, որ Ռաֆիկ Մելիքյանին ապտակելը հիմնական դրդապատճառ չի հանդիսացել, որպեսզի երկու կողմերը հանդիպեն Նիգավան համայնքի այդ աղբանոցում:
Պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 19-ին մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանը եղբոր և ընկերոջ՝ գործով տուժող Սասուն Հայրապետյանի և մյուս ըկերների հետ Նիգավանի աղբանոցին հարակից տարածքում հանդիպել է Ապարանի բնակիչներ Ռաֆիկ Մելիքյանի, նրա մտերիմների, այդ թվում՝ Հմայակ Միքայելյանի, Տիգրան Հարությունյանի, Արմեն Բաղդասարյանի հետ:
Գրիգոր Մնոյան - Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վայրկյանների ընթացքում հնչել է, 3, 3-4 կրակոց, և, ականատեսների վկայությամբ, կրակողը եղել է Արմեն Հովհաննիսյանը:
Կրակոցների հետևանքով սպանվել են Հմայակ Միքայելյանը և Տիգրան Հարությունյանը, հրազենային վիրավորում է ստացել 5 անձ, նրանց թվում՝ նաև մեղադրյալի ընկերները: Տուժողներից երկուսի վիճակը մինչև այժմ գնահատվում է ծանր:
Գրիգոր Մնոյան - Գործադրվել է «Չերչիլ» տեսակի որսորդական հրացան 12 տրամաչափի, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 տրամաչափի մի քանի պարկուճ, դեպքի վայրը մի քանի անգամ, այսպես ասած, սանրվել է, մեր կողմից հայտնաբերվել են երկու միանման որսորդական պարկուճներ, ինչպես նաև հին պարկուճներ, որոնց հատակային մասը ժանգոտված է:
Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե դեպքի վայրում տարբեր զինատեսակներ են կիրառվել, նախնական ապացույցներով հերքվում է՝ հավելում է քննիչը. դա, ըստ քննիչի, փաստում են նաև ականատեսների վկայությունները:
Գրիգոր Մնոյան - Վկաներն են նաև վկայում, որ դեպքի վայրում կրակողը եղել է մեկ անձ, դա եղել է Արմեն Հովհաննիսյանը, նրա ձեռքին են տեսել որսորդական հրացանը, նրան են տեսել կրակելիս:
Բացի դրանից՝ քննիչի խոսքով, Արմեն Հովհաննիսյանը հանցագործության հաջորդ օրը ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ներկայացրել հրացանը և տվել խոստովանական ցուցմունք, նշել՝ կրակոց արձակողն ինքն է եղել: Պաշտպանի պնդմամբ, սակայն, դիտավորություն չի ունեցել:
Գայանե Լյուդվիկյան (Արմեն Հովհաննիսյանի պաշտպան) - Առաջադրված մեղադրանքում իմ պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչել: Իմ պաշտպանյալը չի հերքում և ընդունում է, որ կրակոցը արձակել է ինքը:
Պաշտպանը, սակայն, այլ հարցերի չպատասխանեց: Պատճառը Հովհաննիսյանի՝ մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո ցուցմունք տալուց հրաժարվելն է: Գործի նախաքննությունն ընթացքի մեջ է՝ հարցաքննվում են բազմաթիվ վկաներ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան