ԱՄՆ-ը Չինաստանի հետ լարվածության սրման որևէ պատճառ չի տեսնում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան ժամանելու պատճառով: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ ամերիկացի պաշտոնյայի այցը Պեկինը չպետք է օգտագործի որպես գործողությունների առիթ, որոնք կհանգեցնեն լարվածության աճի:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Նենսի Փելոսին՝ ընդգծելով, որ իր այցը Թայվան չի հակասում Վաշինգտոնի վարած «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թայվանի ժողովրդավարությանը և դեմ է ստատուս քվոն փոխելու միակողմանի փորձերին։
ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ չինական բանակը գտնվում է բարձր մարտական պատրաստության ռեժիմում: Գերատեսչությունից ընդգծել են՝ Թայվանի իշխանությունների գործողությունները խիստ վտանգավոր են և ծանր հետևանքներ կունենան:
Բացի դրանից՝ Չինաստանի բանակի արևելյան զինվորական շրջանը Թայվանի մերձակայքում մի շարք ռազմական գործողություններ կանցկացնի: