Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները միասին ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 722 մլրդ 325 մլն դրամ հարկեր և տուրքեր են վճարել պետբյուջե: ՊԵԿ-ն ամփոփել է հունվար-հունիսի խոշոր հարկատուների տվյալները: Սա 33.4 տոկոսով ավելի է 2021-ի առաջին կիսամյակի, 46.5 տոկոսով՝ 2020-ի և 41.4 տոկոսով՝ 2019-ի առաջին կիսամյակի ցուցանիշից: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գազպրոմ Արմենիա» և «Գրանդ Տոբակո»՝ առաջատար եռյակն է: Հատկանշական է, որ պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է աննախադեպ չափի՝ 104 մլրդ 777 մլն դրամի հարկեր և տուրքեր, ինչը առնվազն 3 անգամ գերազանցում է երկրորդ հորիզոնականին:
Զառա Մելքումովա (ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ) - Կիսամյակի արդյունքներում ներառվում է նաև ապրիլ ամիսը, որը տարեկան հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետ է: Զանգեզուրի դեպքում նույնպես ներառվել են 21 թվականի գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութահարկի և ռոյալթիի վճարները, ինչպես նաև 22 թվականի ընթացիկ տարվա կանխավճարները: Զանգեզուրի դեպքում նշեմ նաև, որ ներառված է նաև համալիր ստուգման ակտով արձանագրված 15 մլրդ-ը, որը վճարվել է:
Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկատուները վճարել են առաջին կիսամյակի հավաքագրումների 77.8 տոկոսը: Այս ցանկն ուսումնասիրել է նաև հասարակական սեկտորը:
Արմենուհի Բուռնազյան («Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն) - Ավելացել են նաև վերջին հորիզոնականներում գտնվող ընկերությունների կողմից վճարված հարկերը, և այստեղ տեղի է ունեցել նաև որոշակի որակական փոփոխություն, այն է, որ բացի ավանդաբար, այսպես ասած, խոշոր հարկատուներ համարվող ոլորտներից նաև հայտնվել են այստեղ ՏՏ ոլորտի ընկերություններ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին վճարվել է 109 մլրդ 253 մլն դրամ։ Հարկերի և տուրքերի վճարման դրական դինամիկա կա նաև տարածքային բաշխվածության առումով:
Արմենուհի Բուռնազյան («Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն) - Ընդհանուր առմամբ մենք նկատում ենք, որ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների առումով ավելացել է մարզերում գրանցված ընկերությունների թիվը:
Այս անգամ խոշոր հարկատուների ցանկում չեն ներառվել պետական մարմինները և կառավարչական հիմնարկները. ՊԵԿ պաշտոնյան նշում է պատճառը:
Զառա Մելքումովա - Նպատակն այն է, որ, ըստ էության, պետական մարմինների կողմից վճարվող հարկերը, իսկ դա հիմնականում եկամտային հարկն է, պետական միջոցների վերաբաշխում են, իսկ քանի որ ցանկից օգտվում են նաև շատ ներդրումային կազմակերպություններ, ապա իրենց ավելի հետաքրքիր է մասնավոր հատվածին վերաբերող տնտեսվարողների գործունեության ցուցանիշները:
Հայաստանի մոտ 100 հազար ակտիվ հարկ վճարողից շուրջ 6 հազարն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների 90 տոկոսից ավելին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան