Օգոստոսի 1-ից գազաբալոնների ստուգումն ու վկայագրումը պարտադիր է: Դրանք չեն լիցքավորվի, եթե տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Օրենքն արդեն ուժի մեջ է մտել:
Ոչ պաշտոնական տվյալով Հայաստանում գազով աշխատող մոտ 450 000 մեքենա կա: Այս ընթացքում մոտ 61 000 քաղաքացի է հասցրել վկայական ստանալ: Որ դժգոհություններ չլինեն, ու քաղաքացիները կարողանան վկայական ստանալ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ է ստեղծել, հնարավորություն տվել նախապես հերթագրվել, մինչև ստուգում անցնելը, անխոչընդոտ լցավորել մեքենան:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Հերթագրվել համակարգում հնարավոր է միմիայն լիցենզավորված կազմակերպություններում, որոնք վկայագրում են իրականացնում: Մեկ անգամից ավել էդ համակարգում հերթագրվել հնարավոր չի լինի: Մենք դա արել ենք, որպեսզի խուսափենք մեկ տրանսպորտային միջոցի բազմաթիվ հերթագրումներից նույն համակարգում և գազաբալոնի չվկայագրումից:
Երևանում և մարզերում միասին՝ գազաբալոնների վկայագրման լիցենզավորված 30 մասնավոր ընկերություն կա: Դրանցից 18-ը Երևանում են, 12-ը՝ մարզերում: Էլեկտրոնային հերթագրման համակարգը ստեղծել է հայկական Locator ընկերությունը:
Սևակ Մինասյան (Locator ընկերության կոմերցիոն տնօրեն) - Օգոստոսի 1-ի դրությամբ հերթագրումների քանակը անցել է արդեն 4300 մեքենան: Նախարարության համապատասխան որոշմամբ այն մեքենաները, որոնք հերթագրված են համակարգում, կարող են լիցքավորվել մինչև իրենց հերթի հասնելը:
Վարորդը կարող է նաև ընթացքում՝ մինչև x ընկերությունում իր հերթը հասնելը, անխոչընդոտ փոխել ստուգման կետը և ավելի շուտ ստանալ վկայական: Առցանց շտեմարանում տվյալներն արագ են փոխվում: Ընդ որում՝ ավելանում է ոչ միայն հերթագրվողների թիվը, այլև արդեն ստուգաչափում անցած վարորդների տվյալները: Վերջին թվերն է ներկայացնում Սևակ Մինասյանը:
Սևակ Մինասյան - Օրինակ՝ հունիս ամսին մոտավորապես 400-500 մեքենա է ստուգաչափվել, իսկ հաջորդ ամսին՝ հուլիսին, թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 31 000-ի: Դա պայմանավորված է օրենքի պահանջի հետ, որով օգոստոսի 1-ից պետք է չլիցքավորել մեքենաները: Այսինքն՝ վարորդները հիմնականում սպասել են, որ տեսնեն՝ վերջում ինչ է լինելու:
Հայաստանում այս պահին մոտ 400 գազալցակայան կա: Դրանք աստիճանաբար կմիանան համակարգին և տեղում՝ պետհամարանիշով, կստուգեն՝ մեքենան վկայագրում անցե՞լ է, թե՞ հերթում սպասում է: Քանի որ գազաբալոնների շահագործման առավելագույն ժամկետը 10 -15 տարի է, ստուգումից հետո, օրենքի համաձայն, ժամկետանց բալոնները պետք է խոտանվեն: Փոխնախարար Սիմոնյանը հիշեցնում է՝ այս փոփոխություններն արել են, որ քաղաքացիներն անվտանգ երթևեկեն:
Արմեն Սիմոնյան - Գազաբալոնի վկայագրման կայանը, երբ հայտնաբերում է այդպիսի երևույթ, նա պետք է խոտանի այդ գազաբալոնը՝ վերադարձնելով այն սեփականատիրոջը, և այդպիսի գազաբալոնով մեքենան շահագործել այլևս հնարավոր չէ:
Փոխնախարարին նաև լուրեր են հասել, որ հերթագրման համար վարորդներից գումար են պահանջում: Արմեն Սիմոնյանը հիշեցնում է՝ հերթագրումն անվճար է, և գումար պետք է վճարել բացառապես ստուգաչափման ծառայությունների համար: Օգոստոսի 1-ից, եթե տեսչական մարմինը ստուգի ու պարզի, որ չվկայագրված մեքենա է լիցքավորվել, ապա 200 000 դրամով կտուգանվի ոչ թե վարորդը, այլ տնտեսվարողը: