Փոխվել է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության կարգը: ԿԳՄՍ նախարարի հրամանով պետական բուհերում ընդունելությունն այս տարվանից բուհի փոխարեն կկազմակեպի ԳԹԿ-ն: Ժամկետի էական փոփոխություն տեղի չի ունեցել: Հեռակայի դիմումները սովորաբար ընդունվում են օգոստոսի 25-ից. հայտագրումը հիմա սեպտեմբերի 5-ից մինչև 30-ն է: Ժամկետի փոքր-ինչ տարբերությունը պայմանավորված է կայքի պատրաստմամբ: Ինչպես առկա ուսուցման ընդունելությունն է, կիրականացվի էլեկտրոնային հայտագրում:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Դիմորդները մոտենալու են բուհին, ընդունող հանձնաժողովի օգնությամբ հայտագրվելու են, որովհետև հայտագրման համար պայման է անձնական համարը: ԳԹԿ-ն անձնական համարը փոխանցելու է բուհերին, դիմորդները մոտենալու են բուհերին համապատասխան փաստաթղթերով:
Ցանկության դեպքում դիմորդները հենց բուհում հնարավորություն կունենան հատուկ այդ նպատակով առանձնացված համակարգչի միջոցով գրանցվել: Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները նախատեսված են հոկտեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Հայտագրումից հետո ԳԹԿ-ն, իմի բերելով դիմորդների նախընտրած բուհերն ու մասնագիտությունները, կձևավորի քննական կենտրոններ, որոնք, հավանաբար, կտեղակայվեն այնտեղ, որտեղ ավելի շատ են հայտագրվել:
Լուսինե Գրիգորյան - Միասնական, նույն օրը կիրականացվեն միևնույն առարկայի քննությունները: Միասնական տերմինն այստեղ էլ է կիրառվում: Նախկին կարգով էլ դիմորդները պետք է քննություններ հանձնեին բուհում, այս կարգով էլ այդ առումով որևէ բան չի փոխվել:
Հեռակա ընդունելության նոր կարգը վերաբերում է նաև ոչ պետական բուհերին, որոնց համար կգործի հաջորդ ուսումնական տարվանից: Պետական բուհերի հեռակա սովորողների թիվը 2600-3000 է: 2021-22 ուստարում Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում հեռակա ուսուցմամբ կրթության համար դիմել է 250 ուսանող:
Հայկ Սարգսյան (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելությունների բաժնի ղեկավար) - Դիմորդների թիվը տարեցտարի աճում է: Հակադրություն չենք տեսնում, կա ավարտական փաստաթուղթ, երկու դեպքում էլ ով էլ կազմակերպի մուտքային պայմանները նույնականացնել, խնդիր չենք տեսնում:
Ակնկալվում է, որ նոր կարգավորումը գործընթացն առավել արդյունավետ և կանոնակարգված կդարձնի:
Լուսինե Գրիգորյան - Միասնական մոտեցում ապահովելու համար և մուտքի պահանջը, վերջնարդյունքը, բուհի հետ հարաբերությունները դադարեցնելու պահին ավարտական փաստաթուղթ ստանա միասնական մոտեցում: Եթե ընդունվի բարձրագույն կրթության մասին օրենքը, այլևս առկա և հեռակա հասկացություններ կրթական գործընթացի կազմակերպման չեն լինելու, կիրառելու ենք «լրիվ կամ մասնակի բեռնվածություն» հասկացությունը և կրթության կազմակերպման ձևը, որը կփոխարինի առկային և հեռակային:
Եվս մեկ նոր կարգավորում ուժի մեջ կմտնի դեկտեմբերին, ըստ որի՝ դիմորդները տարվա մեջ 2 անգամ կարող են բուհական ընդունելության մասնակցել: Դեկտեմբերին կարող են հայտագրվել, հունվարին հանձնել միասնական քննություն՝ ևս մեկ անգամ հայտագրվել ամռանը և մրցույթին մասնակցել առավելագույն բարձր միավորով: Հնարավոր է՝ հեռակայի համար առանձին քննությունների կազմակերպման ժամկետներ չնախատեսվեն, այլ անցկացվեն առկա ուսուցման ընդունելության հետ միասին. դա դեռ քննարկվում է: