Դավիթը մաթեմատիկական գիտելիքները վերջին մեկ տարում խորացրել է ծնողների փոքրիկ բիզնեսի շնորհիվ: Բիզնես սկսելու գաղափարն առաջացավ նախորդ տարի, երբ հասկացան՝ իրենց թխած հացը հավանում են բոլորը:
Երիցյաններն այն 300 նպաստառու ընտանիքներից են, որ մինչև 1,6 մլն դրամ դրամաշնորհ են ստացել սեփական բիզնեսը հիմնելու համար: Սա պիլոտաին ծրագիր է, որն իրականացնում են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Համաշխարհային բանկն ու Ճապոնիայի կառավարությունը:
Լիանա Երիցյան (ծրագրի շահառու) - Ծրագիրը շատ լավն էր, սովորեցրեց մեզ նաև՝ ոնց հաշվենք մեր եկամուտները, ճիշտ տնտեսենք: Նախապես չէի մտածել, որ կարող է մի փոքր գումար ներդնես, բայց կարողանաս մեծ գործ սկսել: Իրենց միջոցով հա՛մ ուժ տվեցին, հա՛մ վստահություն:
Արդեն որոշել են՝ ինչպես են ընդլայնելու իրենց արտադրությունը: Շուտով դրամաշնորհով մատնաքաշի նոր վառարան ու էլեկտրական գրտնակը ձեռք կբերեն: Բակում նոր արտադրամաս կկառուցեն:
Վերջին տվյալներով՝ Հայաստանում նպաստառուների թիվը նվազել է՝ շուրջ 78 հազար ընտանիք: Այս ծրագրի վերջնանպատակն էլ նպաստառուներին զբաղվածությամբ ու եկամտով ապահովելն է: Մինչ այդ՝ ծրագրի շահառուները դեռևս կշարունակեն նպաստ ստանալ:
Աննա Ժամակոչյան (ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ) - Նպաստները, բնականաբար, շատ մեծ չափի չեն և իրականում չեն լուծում ընտանիքների տնտեսական կայունության հարցերը: Որպեսզի մենք ունենանք իրոք ինքնաբավ ընտանիքներ, իրոք ազատ քաղաքացիներ, արժանապատիվ կյանք, պետք է ավելին անենք ընտանիքների համար:
Առաջին փուլում ընտրվել է անապահովության համակարգում հաշվառված 11 հազար ընտանիք, Դասընթացի մասնակցելու հնարավորություն է ստացել 700-ը, միջմասնագիտական խումբն ընտրել է առավել հաջող 300 բիզնես-պլան ներկայացրածներին:
Աննա Ժամակոչյան - Ծրագիրը կարևոր է նրանով, որ, ըստ էության, աջակցում է մեր քաղաքականությանն այն առումով, որ աջակցությունը պետք է անպայման զուգակցվի զբաղվածության, ինքնազբաղվածության ծրագրերով: Սա, ըստ էության, մեր ՄՍԾ հիմնելու առաքելություններից մեկն էր:
Նախարարության նպատակն է՝ զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի միջոցով մոտիվացնել քաղաքացիներին, խրախուսել և հիմքեր ստեղծել, որպեսզի ինքնուրույն կարողանան հաղթահարել սոցիալական դժվարություններն ու փոխեն իրենց կյանքը:
Ծրագիրն իրականացվում է Արմավիրում, Արարատում, Լոռիում, Շիրակում և Կոտայքում: