Շիրակի մարզպետ, մարզի քաղաքացիական պաշտպանության պետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է խորհրդակցություն քաղպաշտպանության հանրապետական և մարզային ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են օգոստոսի 1-5-ը Շիրակի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման միջոցառումներին առնչվող հարցեր։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի 2019 թվականի՝ «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված միջոցառումների կարևորությանը, Շիրակի մարզպետը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի քաղաքացիական պաշտպանության վիճակի ռեալ գնահատման համար․ «Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման միջոցառումները մեզ հանարավորություն կտան բացահայտել մարզի, համայնքների ու կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանը, արձանագրել առկա թերությունները և խնդիրները գույքագրելով լուծման ուղիներ քննարկել»։
Այնուհետև ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման միջոցառումների աշխատանքային խմբի ղեկավար Էդան Սնգրյանը ներակայացրել է նախատեսված միջոցառումների ծրագիրը, ըստ որի գնահատման աշխատանքներին ընդգրկվել են նաև պետական կառավարման համակարգի մարմիններում ստեղծված հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչները, որոնց կողմից կուսումնասիրվեն և կգնահատվեն ՀՀ Շիրակի մարզի ՔՊ ծառայությունների պատրաստվածության աստիճանը։
Համալիր գնահատման արդյունքները կամփոփվեն օգոստոսի 5-ին, այնուհետև կկազմվի և կներկայացվի մարզի և համայնքների ու կազմակերպությունների ՔՊ վիճակի համալիր գնահատման ակտ, որի հիման վրա Շիրակի մարզի ՔՊ պետի կողմից կհաստատվի թերությունների վերացման պլան-ժամանակացույց: