ԱՄԷ
ՄԱՐԶԱՍՐԱՀ ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արաբական Միացյալ Էմիրություններում բացվել է շների համար նախատեսված` տեսակի մեջ առաջին մարզասրահը: Այդ երկրում մարդկանց չորքոտանի բարեկամների տերերի թիվը գնալով մեծանում է, և ամռան այս տապին շատերն են նախընտրում այս փակ մարզասրահ բերել իրենց շներին, որպեսզի կենդանիները և՛ առողջ մնան, և՛ մի փոքր զվարճանան:
ԱՄԷ-ի տարբեր շրջաններից շների տերերն իրենց ընտանի կենդանիներին բերում են Աբու Դաբիում գործող Համադիի մարզասրահ, որտեղ նրանց կենդանիները վազում են հատուկ շների համար նախատեսված վազքուղիների վրա:
Մանսուր Ալ-Համադի (Posh Pets մարզասրահի սեփականատեր) - Մեր նպատակն էր մարզասրահ պատրաստել բոլոր տեսակի շների համար, որտեղ կենդանիները կարող են պահպանել իրենց առողջությունը: Վերջին շրջանում մեզ մոտ մարդիկ ավելի շատ են ընտանի կենդանիներ պահում, ուստի հարկավոր է ապահովել նրանց ամառային ժամանցը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շներն ամրագոտիներով են ամրացված վազքուղիներին: Սկզբնական շրջանում յուրաքանչյուրը վազում է 15 րոպե: Մարզումների ընթացքում վազքի արագությունը և ժամանակն աստիճանաբար ավելացնում են:
Շների մարզասրահի այցելուների տերերը վստահեցնում են, որ իրենց կենդանիները մեծ ոգևորությամբ են հաճախում այս մարզումներին և սրահին մոտենալուն պես իրենց դուրս են նետում մեքենաներից, որպեսզի րոպե առաջ հասնեն իրենց սիրելի մարզասրահը:
ԱՄՆ
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ ԲԱԶ ՕԼԴՐԻՆԻ ԲԱՃԿՈՆՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 2.8 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Նյու Յորքի «Սոթբի» աճուրդի տունը ռեկորդային 2.8 մլն դոլարով վաճառել է ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինի բաճկոնը, որը նա կրել է 1969 թվականին Լուսնի վրա իջած՝ հայտնի «Ապոլոն 11» առաքելության ժամանակ:
Աճուրդը տևել է մոտ 10 րոպե: Գնորդը հեռախոսազանգի միջոցով է ձեռք բերել բաղձալի բաճկոնը:
Կասանդրա Հաթոն («Սոթբի» աճուրդի տան աշխատակից) - Սա իսկապես բացառիկ աճուրդ էր: Այն «Ապոլոն 11» առաքելությունից միակ հագուստն էր, որ կարելի էր գնել: Ես առանց վարանելու կարող եմ ասել, որ սա երբևէ տեղի ունեցած տիեզերական հետազոտության ժամանակ օգտագործված առարկայի լավագույն վաճառքն է, այդպիսին այլևս չի լինի:
Բազ Օլդրինի բաճկոնը գնահատված էր 1-2 մլն դոլար: Աճուրդի տան աշխատակիցները պատկերացում անգամ չունեին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, առավել ևս, որ այն կարող էր վաճառվել 2.8 մլն դոլարով:
ԻՍՊԱՆԻԱ
ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԸ ՓՐԿԵԼ Է 14-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ
Իսպանական լողափերում սկսել են օգտագործել անօդաչու թռչող սարքեր` փրկարար ծառայությանն օգնելու նպատակով: Այս ամիս հենց դրանցից մեկի շնորհիվ հնարավոր է եղել փրկել 14-ամյա մի տղայի կյանք Վալենսիայի լողափերից մեկում մակընթացության ժամանակ:
Անօդաչու թռչող սարքը փրկարար բաճկոն է գցել ծովը, որը կարողացել է դեռահասին պահել ջրի մակերեսին, երբ նա սկսել է սուզվել ալիքների տակ, մինչև րոպեներ անց ժամանել է փրկարարական խումբը: Տղան այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել, ինչից 24 ժամ անց դուրս է գրվել և իրեն լավ է զգում:
Միգել Անխել Պեդրերո (փրկարար ծառայության աշխատակից) - Ալիքները շատ հզոր էին, ուստի բավականին դժվար էր երեխային փրկարար բաճկոն ուղարկելը, բայց ի վերջո մենք կարողացանք: Տղան լողալու ուժ ընդհանրապես չուներ, ուստի մեր դրոնից ուղարկած բաճկոնը շատ տեղին էր, հենց դրա շնորհիվ նա փրկվեց:
Այժմ Իսպանիայի 22 լողափում ընդհանուր առմամբ 30 փրկարար-օդաչու է աշխատում, որոնք նաև գործի են դնում իրենց անօդաչու թռչող սարքերը: Դրանք կրիտիկական պահերին արագ արձագանքման աջակցություն են ցուցաբերում խեղդվողին, մինչև որ փրկարարները հասնում են դեպքի վայր:
ԱՄՆ
ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԸ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ ՑԼԱՎԱԶՔԸ
Էռնեստ Հեմինգուեյի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում գրողի բազմաթիվ նմանակներ երթով անցել են Քի Ուեսթի փողոցներով: Նրանցից մի քանիսը նույնիսկ նստել են ցլերի արձանների վրա, որոնք անիվների օգնությամբ են շարժվել:
Միջոցառման մասնակիցներն այսպես ծաղրել են իսպանական Պամպլոնայի հայտնի ցլավազքը: Արձաններից մեկից էլ նույնիսկ ծուխ է դուրս եկել: Ամեն ինչ արվել է ցլավազքի ոգին Քի Ուեսթ տեղափոխելու և այն հնարավորինս ծաղրելու համար:
Հեմինգուեյի նմանակների մրցույթի հայտ է ներկայացրել 125 հոգի, նրանցից 25-ն անցել է կիսաեզրափակիչ: Հաղթող է ճանաչվել ֆլորիդացի 65-ամյա Ջոն Օվիլը: Նա խոստովանել է, որ ոչ միայն արտաքուստ է նման հայտնի գրողին, այլև նրա նախասիրություններից ունի, օրինակ՝ սիրում է ձկնորսությամբ զբաղվել, նաև պատմվածքներ է գրում:
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՓԱՌԱՏՈՆԸ` «ՔԱՅԼ ԱՌԱՋ» ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՐ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվել է Jax Art festival կոչվող արվեստի ինտերակտիվ փառատոնը: Այն կազմակերպել է թագավորության մշակույթի նախարարությունը: Տեղացիներից բացի՝ հրավիրված են եղել արտասահմանցի արվեստագետներ: 3 Դե տարբերակով ներկայացված են նաև իտալական Վերածննդի արվեստագետների աշխատանքներ:
Լամիա Ալ-Մադի (ցուցահանդեսի այցելու) /կին/ - Երբ ես բարձրարժեք արվեստի գործ եմ տեսնում, որը դիպչում է հոգուս, հուզում է ինձ, հետո հետադարձ հայացքով նայում եմ Սաուդյան Արաբիայի պատմությանը, հասկանում եմ, որ մեր երկրի արվեստագետների հետ արդարացի չեն վարվել: Թույլ չէր տրվում նկարել մարդկանց, միշտ ասվել է` այս մի արեք, այն մի արեք: Թույլ էին տալիս միայն բնությունը նկարել, հիմնականում՝ արմավենիներ: Դրա համար էլ սաուդցի արվեստագետները շատ սահմանափակ պայմաններում էին ստեղծագործում:
Մինչդեռ այժմ, խոստովանում է Լամիան, արվեստագետները կարող են ոչ միայն մարդկանց նկարել, այլև տարբեր առարկաների քանդակներ պատրաստել: Ինչ խոսք, դա, իրենց համոզմամբ, քայլ է դեպի առաջ: Jax Art festival-ը տևել է 10 օր:
ԹԱԻԼԱՆԴ
ԳՈՄԵՇՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ
Թաիլանդում 1800-ական թվականներից ի վեր, ամեն տարի անցկացվում է գոմեշների մրցավազք: Սա, այսպես ասած, մի փոքր կեղտոտ միջոցառում է, քանի որ այն տարածքը, որտեղով վազում են կենդանիները, բավականին ցեխոտ է: Իրականում գոմեշների մրցավազքով թաիլանդցիներն ազդարարում են բրնձի մշակման նոր սեզոնը: Այս միջոցառմամբ էլ, ասես, հարգանքի տուրք են մատուցում գոմեշներին, որոնք մեծ ներդրում ունեն գյուղատնտեսական այս գործում:
Տեղացիներն ու զբոսաշրջիկները հավաքվել են 200 մետր երկարությամբ կեղտոտ արահետի շուրջը՝ Չոնբուրի նահանգի Մապ Ֆայ ենթաշրջանում, որը մայրաքաղաք Բանգկոկից մոտ 80 կմ հեռավորությամբ է: Այս տարի ավելի քան 60 գոմեշ է մասնակցել մրցավազքին:
Պոնգսաթորն Պասոմսուպ (գոմեշների մրցավազքի կազմակերպիչ) - Այս տարի սա գոմեշների մրցավազք անցկացնելու առաջին փորձն է Չոնբուրիի Մապ Ֆայ ենթաշրջանում: Հույս ունենք վերադարձնելու ավանդույթը, որը վաղուց անհետացել էր: Անձամբ ես եմ հովանավորել այս միջոցառումը: Հաջողության դեպքում այն կանցկացնենք ամեն տարի:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Թաիլանդում մեկ տարի չի անցկացվել գոմեշների մրցավազքը, սակայն անցած տարվանից վերադարձել է:
Թաիլանդի ֆերմերների մեծամասնությունն այլևս գոմեշին չի օգտագործում հողագործության համար, բայց շատերը դեռ ցանկանում են պահել կենդանուն և պահպանել գոմեշների մրցավազքի ավանդույթը:
ՍԻՐԻԱ
ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԸ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում դարձյալ կարելի է վայելել ամառային հաճելի համերգները, որոնք սովորաբար անցկացվում էին քաղաքի միջնաբերդում:
Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում երկու տարվա ընդմիջումից հետո քառօրյա «Դամասկոսի միջնաբերդի գիշերների փառատոնի» ընթացքում ելույթներ են ունեցել Լիբանանից, Սիրիայից և Իրաքից ժամանած արտիստները:
Նրանց թվում է սիրիացի երգիչ Նասիֆ Զեյթունը, որը լիահույս է, թե միջոցառումն ուրախություն և հույս կբերի սիրիացի ժողովրդին:
Նասիֆ Զեյթուն (երգիչ) - Հուսով եմ, որ այս համերգը և փառատոնը կնպաստեն, որ սիրիացիների մոտ նորից արթնանա հույսը, լավատեսությունը, ուրախությունը և զվարճանալու կարողությունը: Մեր ժողովուրդը երկար տարիներ տառապել է, բայց եթե փորձեք մոտիկից ծանոթանալ մեր հայրենակիցների հետ, կհասկանաք, որ նրանք բավականին ուրախ և կյանքով լեցուն մարդիկ են:
Փառատոնի կազմակերպիչները նույնիսկ հոգ են տարել, որ համերգների մուտքի տոմսը թանկ չլինի, որպեսզի շատերը կարողանան իրենց թույլ տալ ներկա լինել դրանց: Տոմսերի գները տատանվել են 7-38 դոլարի սահմաններում:
ԻՏԱԼԻԱ
ՏԱՐԱՆՏՈՅԻ ՄՈՏ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ 2000 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԽՈՐՏԱԿՎԱԾ ՀԻՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ՆԱՎ
Ջրասուզորդ և բնապահպան ակտիվիստ Ֆաբիո Մատաչիերան հազվագյուտ բացահայտում է արել՝ հայտնաբերելով հռոմեական մի նավի խորտակման վայրը, որը, ամենայն հավանականությամբ, ջրասույզ է եղել մոտ 2000 տարի առաջ:
Օգտագործելով իր քարտեզագրական GPS-ը՝ պատմության պրոֆեսոր և հնագիտության սիրահար Ֆաբիոն մի քանի հարյուր սալիկներ և առարկաներ է գտել ավազի տակ և թաքնված ժայռերի մեջ Տարանտոյի ափերի մոտ՝ Ապուլիայի հարավային շրջանում:
Ֆաբիոյի հավաքած տվյալները հետագայում վերլուծել են հնագետները, որոնք հաստատել են նավի խորտակման վարկածը: Նավը, ամենայն հավանականությամբ, պատկանել է կայսերական հռոմեական ժամանակաշրջանին՝ մ.թ. 1-4-րդ դարերի միջակայքում:
Ըստ հնագետների՝ նավի բեռը ենթադրաբար օգտագործվել է որոշ ափամերձ վիլլաների վերանորոգման համար: Տարանտոյի ափամերձ հատվածում եղել են ինչպես աղքատիկ տներ, այնպես էլ շքեղ առանձնատներ՝ իրենց ֆերմաներով:
Ջրի տակ հայտնաբերված իրերը վկայում են, որ նավի խորտակվելուց առաջ ծովն ուժեղ ալեկոծվել է, ինչի հետևանքով էլ նավաբեկություն է տեղի ունեցել:
ԼԻՏՎԱ
ԼԻՏՎԱՑԻՆԵՐԸ ԶԲՈՍՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՇԵՆՔԻ ՎՐԱ
Այս ամառ Լիտվայում սուր զգացողություններ փնտրողները կարող են հասնել երկինք և քայլել երկրի ամենաբարձր շենքի եզրով:
Վիլնյուսում գտնվող նոր զբոսաշրջային վայրում՝ The Edge Walk-ում, որը պատրաստվել է 160 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակի վրա, կարելի է վայելել երկրի մայրաքաղաքի և դրա շրջակայքի հիասքանչ տեսարանները:
Անվտանգության պարաններով կապված՝ տասնյակ այցելուներ քայլել են աշտարակի գագաթին գտնվող հարթակի եզրով և 360 աստիճան պտտվելով՝ վայելել քաղաքի տեսարժան վայրերը:
Թեև շատերի համար 160 մետրը կարող է ցածր թվալ, այն Լիտվայի չափանիշներով բավականին բարձր է:
Վալդաս Կամինսկաս (Վիլնյուսի հեռուստաաշտարակի կապի ղեկավար) - Վիլնյուսի հեռուստաաշտարակը Լիտվայի ամենաբարձր շենքն է: Մեր երկիրը հարթ է, Լիտվայի ամենաբարձր բլուրը 300 մետր է: Մենք այժմ կանգնած ենք երկրից 160 մետր բարձրության վրա կամ մոտավորապես 210 մետր ծովի մակերևույթից: Իսկ սա Լիտվայի չափանիշներով շատ բարձր է:
Վիլնյուսի հեռուստաաշտարակը խորհրդային ժամանակաշրջանի շինություն է, դրա կառուցումն ավարտվել է 1980 թվականին, երբ Բալթյան երկիրը դեռ ԽՍՀՄ-ի կազմում էր: