Հրազդանը՝ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Հրազդանի համայնքապետին հանձնեց տիտղոսը խորհրդանշող փոխանցիկ բանալին:
Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու մրցակցությունը մեծ է եղել, ընտրությունը հեշտ չի կատարվել՝ նշեց փոխնախարարը:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Տարածքային համաչափ զարգացումը ենթադրում է սոցիալական, կրթական, մշակութային ծառայությունների մատչելիություն և հասանելիություն՝ անկախ բնակության վայրից։ Հրազդանցի երիտասարդները ևս պետք է հնարավորություն ունենան ապրելու երիտասարդական բուռն կյանքով։ Ցանկանում եմ, որ այդ առումով Հրազդանը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, շարունակի իր գործառույթները ոչ միայն այս, այլև հետագա տարիներին ևս։
Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով Հրազդանի երիտասարդական կազմակերպություններին, ընդգծեց՝ նաև նրանց աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել այս արդյունքը:
Սևակ Միքայելյան (Հրազդան համայնքի ղեկավար) - Մշտապես բարձր եմ գնահատել երիտասարդների դերը և ներգրավվածությունը համայնքի զարգացման գործում: Պատրաստ ենք աջակցել երիտասարդների կառուցողական բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր համայնքի և երկրի զարգացմանն ու առաջընթացին:
«Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացումն ազդարարվեց քայլերթով: Հրազդանցիներն ու համայնքի հյուրերն ուղևորվեցին Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին։
Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում էլ ԿԳՄՍ փոխնախարարն ու համայնքի ղեկավարը ծանոթացան հրազդանցի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներին, իսկ օրվա ավարտին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խթանել Հրազդան քաղաքի զարգացումն ու աջակցել երիտասարդների նախաձեռնություններին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան