ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է՝ Կոսովոյում և Մետոխիայում սերբերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Վուչիչը կոչ է արել միջազգային հանրությանը և Պրիշտինայի իշխանություններին՝ չխախտել խաղաղությունը տարածաշրջանում՝ հակառակ դեպքում խնդիրը հարկավոր կլինի լուծել ռազմական եղանակով։
Նա տեղեկացրել է, որ Կոսովոն օգոստոսի 1-ից ցանկանում էր անվավեր ճանաչել սերբական փաստաթղթերը։ Ըստ նախատեսված նոր ընթացակարգով՝ եթե անձը ցանկանում էր մուտք գործել Կոսովո սերբական անձնագրով, ապա պետք է մուտքի և ելքի հատուկ հայտարարագիր ձևակերպեր 3 ամիս ժամկետով։ Նաև սերբական համարներով ավտոմեքենաները պետք է վերագրանցվեին Կոսովոյի համարներով։
Իրավիճակը սրվել է հուլիսի 31-ի օրվա երկրորդ կեսին: Լրատվամիջոցները հայտնել են, որ Կոսովոյի սերբ բնակչությունը շրջափակել է մայրուղիները, ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունն էլ տարածաշրջանի հյուսիսում փակել է կենտրոնական Սերբիա անցման երկու անցակետ: Երեկոյան հաղորդվել է կրակոցների մասին: Նշվել է նաև, որ մի քանի տասնյակ զրահամեքենա Պրիշտինայից տեղափոխվել է Կոսովոյի հյուսիս, միաժամանակ հազարավոր սերբեր արդեն բարիկադներ էին կառուցել և սեփական մեքենաներով փակել հիմնական մայրուղիները:
Միջազգային մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային անվտանգության ուժերի հաղորդագրության համաձայն՝ կազմակերպությունը պատրաստ է միջամտել Բելգրադի և Պրիշտինայի միջև սահմանային հակամարտությանը, եթե Կոսովոյի կայունությանը վտանգ սպառնա:
Լուսադեմին հայտնի է դարձել, որ չճանաչված Կոսովոյի իշխանությունները վերջին 10 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ 1 ամսով հետաձգել են մեքենաների սերբական համարանիշների ու անձնական փաստաթղթերի չեղարկման նախաձեռնությունը։ ԶԼՄ-ների տվյալով՝ սերբական փաստաթղթերի չեղարկումը հետաձգելու հորդորով հանդես է եկել ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենիերը Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի և վարչապետ Ալբին Կուրտիի հետ հանդիպման ժամանակ։
Իրավիճակը կարգավորելու համար Սերբիայի նախագահ շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին և Եվրամիության արտաքին գործերի հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին։
ՀԱՑԱՀԱՏԻԿՈՎ ԲԵՌՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՆԱՎԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՕԴԵՍԱՅԻՑ
Հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայից, այն ուղևորվում է Լիբանան՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ վկայակոչելով Համատեղ համակարգող կենտրոնը։
Գերատեսչությունում տեղեկացրել են նաև, որ նավն օգոստոսի 2-ին կհասնի Ստամբուլ և այնտեղ ստուգում կանցնի։
Լրատվամիջոցների տվյալով՝ Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ է տեղափոխվում 26 հազար տոննա եգիպտացորեն։
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ՍԿՍԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Սինգապուր այցի ընթացքում կհանդիպի նախագահ Հալիմա Յակոբի և վարչապետ Լի Սյեն Լունի հետ: Փելոսին հայտնել է, որ ասիական շրջագայության ընթացքում ամերիկյան պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա նաև Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Թայվանն այդ ցանկում չի հիշատակվել։
Ավելի վաղ՝ լրատվամիջոցները հայտնում էին, որ Փելոսին ծրագում էր օգոստոսին այցելել Թայվան, սակայն հրաժարվել է այդ մտքից կորոնավիրուսի պատճառով։ Պեկինը զգուշացրել է՝ Փելոսիի հնարավոր այցը կղզի անհետևանք չի մնա, Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի։