ՌԴ-Ն ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԵՐԲԻԱՅԻՆ. ՊԵՍԿՈՎ
Չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային՝ հայտարարել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները երկրամասի հյուսիսում բնակվող սերբերի նկատմամբ։ Պեսկովը կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արևմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։ Պաշտոնյան նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։
Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց՝ Կոսովոյում և Մետոխիայում սերբերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Նա տեղեկացրել է, որ Կոսովոն օգոստոսի 1-ից ցանկանում էր անվավեր ճանաչել սերբական փաստաթղթերը։ Ըստ նախատեսված նոր ընթացակարգի՝ եթե անձը ցանկանում էր մուտք գործել Կոսովո սերբական անձնագրով, ապա պետք է մուտքի և ելքի հատուկ հայտարարագիր ձևակերպեր 3 ամիս ժամկետով։ Նաև սերբական համարներով ավտոմեքենաները պետք է վերագրանցվեին Կոսովոյի համարներով։
Այդ հայտարարությունից հետո լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Կոսովոյի սերբ բնակչությունը շրջափակել է մայրուղիները, ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունն էլ տարածաշրջանի հյուսիսում փակել է կենտրոնական Սերբիա անցման երկու անցակետ: Երեկոյան հաղորդվել է կրակոցների մասին: Լուսադեմին հայտնի է դարձել, որ չճանաչված Կոսովոյի իշխանությունները վերջին 10 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ 1 ամսով հետաձգել են մեքենաների սերբական համարանիշների ու անձնական փաստաթղթերի չեղարկման նախաձեռնությունը։
ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ ՆԱԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ. ԱՔԱՐ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովով սննդամթերքի արտահանման վերաբերյալ ստամբուլյան համաձայնագրերի շրջանակում ուկրաինական հացահատիկին զուգահեռ կարող են արտահանվել նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքներ և պարարտանյութեր։
Պաշտոնյան, հավելել է՝ ռուսական արտադրանքի արտահանման խնդիրն ավելի շատ վերաբերում է ՄԱԿ-ին, որի հետ ռուսական կողմն այժմ բանակցում է։
Հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայից և ուղևորվում է Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ: Օգոստոսի 2-ին այն կհասնի Ստամբուլ և համապատասխան ստուգում կանցնի։ Նավը տեղափոխվում 26 հազար տոննա եգիպտացորեն։
ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ. ԷՍԼԱՄԻ
Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ, սակայն նման հարց իշխանությունների օրակարգում չկա` հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին:
Նրա խոսքով՝ միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են:
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր հերթին չի բացառել մոտ ապագայում միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացման հնարավորությունը:
«Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է համաձայնության ձեռքբերմանը»,- նշել է խոսնակը։
ԻՐԱՔՈՒՄ ՈՐՈՇՎԵԼ Է ԶՈՐՔ ՄՏՑՆԵԼ ԲԱՂԴԱԴ
Իրաքում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին որոշում է կայացվել զորք մտցնել Բաղդադ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Վարչապետի գրասենյակից վստահեցրել են, որ զինվորականները ցուցարարների դեմ չեն կիրառի ռազմական և ռետինե փամփուշտներ, ծխային ռումբեր։ Ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի օր է՝ հրաժարվում են լքել Ներկայացուցիչների խորհրդի շենքը, նրանք նստացույց են անցկացնում:
Բաղդադում հուլիսի 27-ից հետո վերսկսվել են բողոքի ակցիաները, ցուցարարները պահանջում են ցրել խորհրդարանը և վարչապետի պաշտոնում չառաջադրել Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին: Մարդկանց նաև անհանգստացնում է փաստը, որ երկիրն առանց նոր կառավարության է արդեն ավելի քան 290 օր: