Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ, սակայն նման հարց իշխանությունների օրակարգում չկա։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին:
Նրա խոսքով՝ միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները հիմքեր չունեն:
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր հերթին չի բացառել մոտ ապագայում միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացման հնարավորությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն օգնում է համաձայնության հասնել»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։