Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ: Հանձնարարվել է ստուգայցերով մշտական հսկողություն սահմանել և հետևել, որ շինհրապարակներում պահպանվեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները:
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Հարկ է նշել, որ առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ:
Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ: Հանձնարարվել է ըստ անհրաժեշտության ավելացնել դրանց քանակը:
Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն: Աշխատանքներն ընթացքում են:
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Նախագծային մրցույթն արդեն կայացել է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը մաքրել է 10 դիտահոր և 87 հեղեղատար: Քաղաքապետը առաջարկել է դիտահորերի ցանկը տրամադրել վարչական շրջանների ղեկավարներին՝ գործընթացը համայնքի կողմից ևս մշտական հսկողության տակ պահելու նպատակով:
Արդիականացվել է Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան զբոսայգու և հարակից խաղահրապարակի արտաքին լուսավորության ցանցը:
Մի քանի փուլով իրականցվող ծրագրով Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:
Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը: