Առաջինի լրատվական ալիքի՝ հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումը կեսգիշերին կդադարեցվի: Պատճառը դատարանի որոշումն է:
Նախ սկզբից. դեռ 2021-ի հունիսի 4-ին, երբ Առաջինի լրատվական ալիքը շահեց հեռարձակման մրցույթն ու Երևանում սփռման լիցենզիա ստացավ, արդյունքները կասկածի տակ առավ մրցույթի մյուս մասնակիցը՝ Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը: Մրցույթն անվավեր ճանաչելու պահանջով Հ2-ը դիմեց վարչական դատարան, հայցը բավարարվեց: Ապա հակընդդեմ հայցով Վերաքննիչ գնաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, երկրորդ ատյանն անփոփոխ թողեց առաջինի որոշումը: Գործը հասավ Վճռաբեկ, ու արդեն այս տարվա հունիսի 7-ին երրորդ ատյանը մերժեց քննություն սկսել՝ արդյունքում օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչի՝ հօգուտ Հ2-ի կայացրած որոշումը:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) - Հայաստանի պատմության առաջին անգամ է սա, աննախադեպ իրավիճակ է, երբ որ եթերից անջատվում է մրցույթում հաղթած հեռուստաընկերությունը:
Իրավիճակը թեև աննախադեպ է, բայց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պետք է գործել օրենքի պահանջով: Տիգրան Հակոբյանն ասում է՝ գրավոր դիմել են Հանրային հեռուստաընկերություն, իրազեկել հեռարձակման դադարեցման պահանջի մասին: Դատական վեճի ընթացքում Հանրային հեռուստաընկերության շահերը ներկայացնող Սիմոն Ֆարմանյանն էլ նկատում է՝ այժմ բաց է մնում լրատվական ալիքի լիցենզիայի հարցը, անվավեր են ճանաչվել մրցույթի արդյունքները, բայց օրենքով սահմանված որևէ կետով չի դադարեցվել լիցենզիան:
Սիմոն Ֆարմանյան (Հանրային հեռուստաընկերության իրավաբան) - Ըստ էության, հիմա մենք չենք հասկանում՝ մեր լիցենզիան դադարել է թե ոչ, եթե դադարել է, ապա ինչ իրավական հիմքով: Այստեղ ես կցանկանայի՝ մենք ուշադրություն դարձնենք նրան, որ դատարանը անվավեր է ճանաչել հաղթող ճանաչելու մասին որոշումը, դա չի նշանակում որ Հ2-ի հայտը լավն էր կամ վատն էր, կամ Հանրային հեռուստաընկերության հայտը լավն էր կամ վատն էր, պարազապես ասում է, որ ՀՌՀ-ն չի հիմնավորել կամ վատ է հիմնավորել իր որոշումը:
Հակոբյանն անընդունելի է համարում դատարանի որոշումը, ասում՝ օրենքի անկատարության խնդիրներ ունենք: Նա վստահ է՝ իրենց հայցը հիմնավոր էր, փաստարկված, հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել էր բոլոր մասնակիցների հայտերը, օրինակ բերում, որ մրցույթին նախորդող վերջին մեկ տարում ամենաշատ՝ 6, էթիկական խախտում ունեցողը հենց Հ2-ն է եղել:
Տիգրան Հակոբյան - Ամենաթույլ բովանդակային ծրագրերը, ամենաթույլ բովանդակային առաջարկները, նաև անցած ուղին, ամենաթույլը Հ2-ինն էր: Մի քանի օրինակ բերեմ. հանրապետական ծածկույթ ունեցող բոլոր հեռուստաընկերություններից ամենաքիչ թարգմանված ֆիլմերը հայերեն Հ2-ինն էին, դա կարևորագույն չափանիշն է, երբ բովանդակությունը պետք է նայել ոչ թե օտար լեզվով, այլ հայերեն, դա միակ թիվին էր, որը գիշերը 6 ժամով դադարեցնում էր իր եթերը, իսկ հաճախականությունները սահմանափակ են, հանձնաժողովն ու հասարակությունը շահագրգռված են, որ 24 ժամ տեղեկատվություն լինի հեռուստաեթերից: Այսպիսի օրինակները շատ շատ են:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հ2-ը ի սկզբանե դիմել էր միայն համապետական սփռման լիցենցիա ստանալու համար: Այդտեղ ընկերությունը չէր հավաքել անհրաժեշտ միավորները ու քանի որ հրաժարվել էր մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելուց, առաջին փուլով դուրս էր մնացել, բացատրում է Հակոբյանը:
Տիգրան Հակոբյան - Հրաժարվեցին ու դուրս մնացին մրցույթից: Դա հանձնաժողովի խնդիրը չէր, ոչ մեկի լիցենզիան հետ չի վերցվել, պարզապես նրանք որոշել էին, որ իրենց ծրագիրը ամենալավն է, բավական ռեսուրսներ ունեն և հաստատ կհաղթեն մրցույթում, և պարտվել են, որից հետո մայրաքաղաքային ազատ սլոթ էր մնացել, որի համար էլի մրցույթ հայտարարեց ՀՌՀ-ն, և այդ մրցույթում հաղթեց հանրային հեռարձակողի լրատվական ծրագիրը:
Հանրային մուլտիպլեքսում Առաջինի լրատվական ալիքը եթերազրկված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նոր մրցույթ չի կայացել՝ բացատրում է հանձնաժողովի նախագահը: Մրցույթն արդեն հայտարարվել է, արդյունքները կամփոփվեն մոտ 3 ամիս հետո, հավանաբար՝ հոկտեմբերի վերջին: Հանրայինն արդեն հայտարարել է՝ կրկին մասնակցելու է մրցույթին, իսկ մինչ այդ լրատվական ալիքը հասանելի կլինի մալուխային կապով, նաև ինտերնետ հարթակներում: Տիգրան Հակոբյանը կարծում է՝ օրենքը փոխելու կարիք ունի, որ նման իրավիճակի առաջացման դեպքում լիցենզիա ունեցող ընկերությունը եթերից չզրկվի: Սա նաև քաղաքացիների՝ տեղեկացված լինելու իրավունքների ոտնահարում է՝ շեշտում է նա:
Տիգրան Հակոբյան - Մենք ամեն ինչ պիտի անենք, օրենքի զարգացման տեսանկյունից՝ փոփոխելով օրենքը, հստակեցնելով մեր կարգերը, որպեսզի նման ճգնաժամային իրավիճակները հետագայում չկրկնվեն:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Հ2-ը մեկ այլ հայցով դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել նաև հանրապետական հեռարձակման մրցույթի արդյունքները, այդ գործն էլ այժմ հասել է Վճռաբեկ: Հակոբյանի խոսքով՝ եթե դատարանը, ինչպես այս դեպքում, հօգուտ Հ2-ի որոշում կայացնի, ապա եթերից կանջատվեն նաև համապետական սփռում ունեցող 7 հեռուստաընկերությունից 5-ը՝ Շանթը, Արմենիան, Երկիր Մեդիան, Կենտրոնն ու ATV-ն: