«Էրեբունի» ամրոցում օտարերկրացիների նկարահանած պոռնկագրական բնույթի տեսանյութի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեսանյութը համացանցում էր հայտնվել օրեր առաջ և մեծ աղմուկ բարձրացրել հանրության շրջանում: Զույգը տեսանյութը տարածել էր միջազգային հայտնի պոռնո կայքում, աղմուկից հետո այն արագ հեռացվեց: Թանգարանի տարածքի հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը. ինչպե՞ս է ստացվել, որ զբոսաշրջիկներին հաջողվել է տեսանյութ նկարահանել, և այդ խախտումներն աննկատ են մնացել։ Թանգարանի տնօրենը հրաժարվեց մանրամասների մասին խոսել, ավելի վաղ Միքայել Բադալյանը դեպքին ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել.
«Ակնհայտ է, որ ամրոց այցելել են նախապես ծրագրված և ոչ երկու հոգով։ Էրեբունի ամրոցը զբաղեցնում է ահռելի տարածք, և մեկ ոստիկանը չի կարող վերահսկել ամբողջ տարածքը։ Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ ոստիկանություն դիմելու և ծառայողական քննություն սկսելու, իսկ այսպես կոչված մասնակիցներին՝ բացահայտելու և օրենքի խստությամբ պատժելու համար։ Հասկանում եմ, որ շատերի համար սա հրաշալի առիթ է լինելու ցեխ շպրտելու, պախարակելու և հայրենասեր դառնալու ու կայանալու համար»:
Դեռ պետք է պարզել՝ արդյոք նկարահանումը ամրոցում եղել է աշխատանքային ժամի՞ն, և արդյոք ամրոց են մտել մուտքի՞ց, թե՞ այլ ճանապարհով՝ նշել է Բադալյանը, խոսել նաև իրեն քաղաքական շանտաժի ենթարկելու մասին:
«Ինձ նաև, այսպես ասած, լավություն անելու համար հեռախոսազանգով ասել են, որ տեսանյութը կարող է հրապարակվել և քննարկվել, և այնուհետև նշել են, որ այդ ուժին ներկայացվել է, որ ես հականիկոլական եմ, իրենց ուժի անդամ և պետք է գնամ իրենց ապագա համագումարին, իսկ հետո ասվել՝ չէ, հիմա պետք չի համագումարին գաս, բայց հետո դու քո քայլը կանես նրա դիմաց, որ տեսանյութի մասին չխոսվի։ Ինքս մերժել եմ և նշել, որ կարող են հենց այդ պահին էլ թմբկահարել նյութը։ Ես ո՛չ հականիկոլական եմ, ո՛չ կուսակցական, ո՛չ ընդդիմադիր և ոչ էլ դիմադիր։ Ես իմ քրտինքով փորձում եմ իրականացնել իմ աշխատանքը։ Հիմա մանրամասներ չնշեմ, սակայն քննության ժամանակ ես մանարամասն կխոսեմ կատարվածի մասին»,- նշել է նա:
Ոստիկանությունից «Լուրեր»-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ հոլովակ նկարահանած ամուսնական զույգը տեսանյութ է տարածել, ներողություն խնդրել։
Ստանիսլավ Մամետով - Խոսում եմ նաև կնոջս անունից: Հարգելի հայ ժողովուրդ, ներողություն եմ խնդրում մեր արարքի համար։ Մենք չգիտեինք, որ Էրեբունի ամրոցը սրբազան տեղ է ձեզ համար: Միայն հիմա մենք հասկացանք, որ արել ենք արարք, որով վիրավորել ենք հայ ժողովրդին, որը միշտ բարի է եղել մեր հանդեպ: Մենք անմիջապես հեռացրել ենք տեսանյութը, երբ հասկացել ենք, որ այն վրդովմունք է առաջացրել:
Քրեական վարույթը նախաձեռնվել է պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու դեպքի առթիվ: Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ զույգը դեռ չի հարցաքննվել: Այս հոդվածով նախատեսվում է պատիժ՝ տուգանքով կամ առավելագույնը երկու տարի ազատազրկմամբ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան