Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյում և Մետոխիայում սերբերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը և Պրիշտինայի իշխանություններին չխախտել խաղաղությունը տարածաշրջանում՝ հակառակ դեպքում խնդիրը հարկավոր կլինի լուծել ռազմական եղանակով։
Վուչիչը տեղեկացրել է, որ Կոսովոն օգոստոսի 1-ից ցանկանում էր անվավեր ճանաչել սերբական փաստաթղթերը։ Ըստ նախատեսված ընթացակարգի՝ եթե անձը ցանկանում էր մուտք գործել Կոսովո սերբական անձնագրով, ապա պետք է մուտքի և ելքի հատուկ հայտարարագիր ձևակերպեր 3 ամիս ժամկետով։ Նաև սերբական համարանիշերով ավտոմեքենաները պետք է վերագրանցվեն Կոսովոյի համարներով։
Իրավիճակը սրվել է հուլիսի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին: Լրատվամիջոցները հայտնել են, որ Կոսովոյի սերբ բնակչությունը շրջափակել է մայրուղիները, ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունն էլ տարածաշրջանի հյուսիսում փակել է կենտրոնական Սերբիա անցման երկու անցակետ: Երեկոյան հաղորդվել է կրակոցների մասին:
Նշվում էր նաև, որ մի քանի տասնյակ զրահամեքենաներ Պրիշտինայից տեղափոխվում են Կոսովոյի հյուսիս, միաժամանակ հազարավոր սերբեր արդեն բարիկադներ էին կառուցել և սեփական մեքենաներով փակել հիմնական մայրուղիները:
Միջազգային մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային անվտանգության ուժերի հաղորդագրության համաձայն՝ կազմակերպությունը պատրաստ է միջամտել Բելգրադի և Պրիշտինայի միջև սահմանային հակամարտությանը, եթե Կոսովոյի կայունությանը վտանգ սպառնա:
Լուսադեմին հայտնի է դարձել, որ չճանաչված Կոսովոյի իշխանությունները վերջին 10 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ 1 ամսով հետաձգել են մեքենաների սերբական համարանիշերի ու անձնական փաստաթղթերի չեղարկման նախաձեռնությունը։ ԶԼՄ-ների տվյալով՝ սերբական փաստաթղթերի չեղարկումը հետաձգելու պահանջով հանդես է եկել ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենիերը Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի և վարչապետ Ալբին Կուրտիի հետ հանդիպման ժամանակ։
Իրավիճակը կարգավորելու համար Սերբիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին և Եվրամիության արտաքին գործերի հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին։