Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:
Օրեր առաջ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությամբ նախատեսվում էր, որ «․․․Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար․․․»։
«Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, որով նախատեսված է միանալ եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի նոր երթուղուն»,- տեղեկացնում են գերատեսչությունից։
Հիշեցնենք նաև, 2022 թվականի հունիսի 30-ին Կառավարության որոշմամբ գումար հատկացվեց այդ ճանապարհի վերակառուցման նպատակով նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Այսօր՝ օգոստոսի 1-ին, բացվել են 3 լոտով հայտարարված մրցույթին դիմած կազմակերպությունների հայտերը․ շինարարները կան, առաջիկա օրերին կսկսվեն շինարարական աշխատանքները։