«Հայ-ամերիկյան բիզնես կամուրջ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախատեսվում է երկօրյա փառատոն: Նախապես ընտրված 30 հայ արտադրողները ցուցահանդես-նախավաճառքի ընթացքում հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքը:
Գևորգ Աղաբալյան (Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի գլխավոր քարտուղար) - Նախնական նախատեսված է 60 տաղավար, որից 30 և ավել էստեղից է լինելու, մյուս մասնակիցները լինելու են Միացյալ Նահանգներից: Փառատոնը տևելու է երկու օր, դրանից հետո լինելու են բի թու բի հանդիպումներ, լինելու է մեծ համաժողով, որում ներկայացվելու են և հայկական արտադրողների արտադրանքը, և հնարավորություն է տրվելու ֆիլմերի տեսքով ներկայացնել իրենց գործունեությունը:
Ըստ Աղաբալյանի՝ փառատոնին մասնակցող 30 ընկերություններն ընտրվելու են ստացված հայտերի ամփոփման արդյունքում: Հայտեր ներկայացնելու hնարավորություն ունեն բոլոր ոլորտների ներկայացուցիչները, սակայն ընկերությունը պետք է առնվազն երեք տարվա աշխատանքային գործունեություն իրականացրած լինի Հայաստանում, ունենա ծավալների ապահովման ռեսուրսներ և հնարավորություններ:
Մարիամ Մանուկյան (Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ) - Ծրագիրը ոչ միայն խոշոր արտադրող ընկերությունների համար է նախատեսված, այլ փոքր, միջին և միկրոընկերությունների համար, որովհետև նրանք ավելի խոցելի են, ավելի շատ աջակցման կարիք ունեն, ինչպիսին օրինակ նման փառատոններն ու ծրագրերն են, որոնք իրականցվում են մեր խորհրդի կողմից:
Ծրագրի նախադեպը եղել է մայիսին: Միացյալ Նահանգներում 10-օրյա փառատոնի շրջանակներում անցկացվել է ցուցահանդես-նախավաճառք, տեղի են ունեցել հանդիպումներ և համաժողովներ: Ներկայացնելով մայիսյան փառատոնի արդյունավետությունը՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի ներկայացուցիչները ընդգծում են՝ 40 ընկերությունից տասը պայմանագրեր են կնքել ամերիկյան խոշոր ընկերությունների հետ:
Մարիամ Մանուկյան - Աջակցությունը անվճար է տրամադրվում: Միջին, փոքր և միկրո ընկերությունները իրենց աջակցությունն են ունենալու մեր կողմից, որպեսզի կարողանան մասնակցել նախագծին և ունենան արտահանում:
Օգոստոսի 4-ին տեղի է ունենալու ծրագրի շնորհանդեսը, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված ընկերությունները՝ գրանցվելու և ընդգրկվելու համար:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան