Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Ապրելու Արցախ» հիմնադրամի պատասխանատուներին և «100 տուն Արցախում» ծրագրի մի խումբ նվիրատուների:
Երկրի ղեկավարը նախօրեին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում շահագործման հանձնած վեց առանձնատների համար իր երախտագիտությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին, նշել, որ տեղահանված ընտանիքների համար մեկնարկած ծրագիրը կարևոր է ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման առումով, այլև Արցախի հայկականության պահպանման երկարաժամկետ ռազմավարության համատեքստում:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Կառավարությունը շարունակելու է իր գործուն մասնակցությունն ունենալ հետագա աշխատանքներում ևս, քանի որ բնակարանաշինությունն Արցախի առաջիկա տարիների առաջնահերթ խնդիրներից է:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։